Հովհաննես Շիրազ -100

ԿՏԱԿ

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար, 
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Մասիսն ի վեր

Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս,
Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Վերելք


Աչքերիս մեջ գարնան օրր,
Ճամփես` բախտիս սարերն ի վեր`
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր`
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր:

Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատւմ քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս:

Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ չգիտեմ` կա թե չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր:

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ,
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:

..Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին... արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, -
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա´խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ...
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում...

Մայրս հաճախ հոգուս մեջ,
Հոգով այցի է գալիս,
Եվ սաստում է ինձ անվերջ`
- Զուր ես մահս դեռ լալիս:

Տես` ոգիս հար կը հառնի,
Մահս մարմնիս մահն է զուտ,
Մայրդ այն ժամ կը մեռնի,
Երբ մեռցվի մայր լեզուդ:

Ես կը մեռնեմ, երբ հանկարծ
Մայր Արաքսը ցամաքի,
Երբ Մասիսն էլ քո պաշտած
Փոխվի ձոր ու խանդակի:

Ես կը մեռնեմ, երբ Վանա
Ծովից մնա մի կաթիլ,
Արարատից չմնա
Հող ու ձյունի մի կաթիլ:

Կերդվեմ վշտով Եղեռնի,
Անմեղ լեզվով Հայոց սուրբ`
Մայրդ այն ժամ կը մեռնի,
Երբ մոռացվի հայ լեզուդ…


Մասիսն ի վեր

Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ես ծնվել եմ ձորերում
Եղեռնի սև օրերում:

Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:

Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` "Զոհ է սա":

Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:

Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:

Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:

Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:

Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:

Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:

Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:

Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:

Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:

Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան:

* * * *

ի հարցնի կա թե չկա,
Այս առեղծվածն ինչպես մեկնել,
Ո՞վ է երկնել արևն հսկա,
Ողջ տիեզերքն ո՞վ է երկնել:
Օ՜, մի ասեք աստված չկա`
Չկան չեմ էլ ուզում կրկնել...
ՉԵՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՉԿԱՆ
ԻՄ ԾՈՎ ԽԻՂՃՆ Է ԱՍՏԾՈ ՎԿԱՆ:

* * * *

Երբ կմեռնեմ ՝սիրտս հանեք,
Բաժանեցեք յոթ մասի,
Ու յոթ մասը՝ տարեք թաղեք
Յոթ կողմերում Մասիսի...

* * * *

Երազիս մեջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»




Комментарии