Այցելություն Խոր Վիրապի վանքային համալիր










 Գրադարանի ընթերցանության խմբակի անդամները մայիսի 3-ին այցելեցին Խոր Վիրապի վանք: Նրանք նախապես ուսումնասիրել էին այդ վանքի պատմությունը: Ծանոթ  էին Սուրբ Գրիգոր Լուսավորչի տևական տանջանքներին,որը նա անցկացրել էր Խոր  Վիրապի Արտաշատի արքունի բանտում,որտեղ նա մնացել էր գրեթե 14 տարի: Աշակերտները հետաքրքրությամբ դիտում էին 5-րդ դարի հոգևոր ու մշակութային համալիրը,որը հայոց նվիրական սրբավայրերից է և դարձել է նշանավոր ուղտատեղ:




Խոր վիրապի վանքի Սբ Աստվածածին եկեղեցին (XVII դար) հարավ-արևմուտքից
Խոր վիրապի վանքի 
ընդհանուր տեսքը
Խոր վիրապի վանքը V դարի համալիր է, հոգևոր և 
մշակութային կենտրոն, հայոց նվիրական սրբավայրերից, 
նշանավոր ուխտատեղի՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղի մոտ:

Ըստ Ագաթանգեղոսի՝ Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծը Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Այնտեղ Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: 
V դարում վիրապի վրա հիմնադրվել է վանք և հաստատվել միաբանություն: Մոտ 642 թ-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվածքային հորինվածքով նման է Զվարթնոցին: XII–XVIII դարերում վանքը, համազգային սրբավայր լինելուց բացի, եղել է նաև կրթամշակութային և գրչության կենտրոն. պահպանվել են այնտեղ գրված 10-ից ավելի ձեռագրեր: 1255 թ-ին Վարդան Արևելցին վանքում հիմնադրել է բարձր կարգի դպրոց՝ վարդապետարան, որտեղ, բացի աստվածաբանությունից, ուսուցանել են անտիկ փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատություններն ու մեկնողական երկերը: 1271 թ-ին վախճանված Վարդան Արևելցուն փոխարինած Ներսես Մշեցին անվտանգության նպատակով վարդապետարանը տեղափոխել է Մշո Սբ Առաքելոց վանք: XVII դարում Դավիթ վարդապետ Վիրապեցին վերակառուցել է վանքի շինությունները,  աշխուժացրել վանական կյանքը: 1669 թ-ին օծվել է նորակառույց Սբ Գրիգոր եկեղեցին: 
1679 թ-ի երկրաշարժից ավերվել են Խոր վիրապի Սբ Աստվածածին գլխավոր եկեղեցին, վանական շինությունները, որոնք վերակառուցվել են 1680–95 թթ-ին (եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1703 թ-ին): 1765 թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը նորոգել է Խոր վիրապի վանքը և միաբանությանը տվել 11 գյուղ: XIX դարի վերջին քանդել են Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն: 
Վանքից արևմուտք «Օթեաց խաչ» սրբավայրն է, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Խոր վիրապի տոնակատարության օրը Սբ Զատկի կիրակիին հաջորդող կիրակին է: 1970– 1980-ական թվականներին Վազգեն Ա կաթողիկոսի հոգածությամբ նորոգվել են վանքի կիսավեր շինությունները, կառուցվել է մատաղատուն: 1989–94 թթ-ին վանքում հրատարակվել է «Գավիթ» կրոնամշակութային թերթը:


   Սբ Վիրապը մոտ 4,5 մ տրամագծով և  6,5 մ խորությամբ գուբ է, որտեղ իջնում են Սբ Գրիգոր եկեղեցու Ավագ խորանի աջակողմյան բացվածքից: 

Комментарии