Անին 1001 եկեղեցիների քաղաք

Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքներից է եղել Անին: Այն  եղել է Հայաստանի մայրաքաղաքը 961-1053 թվականներին` Բագրատունի թագավորների օրոք:  Արքունիքը Կարսից Անի է տեղափոխել Աշոտ Երրորդ Բագրատունին:
Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ:
Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. Առաջին վարկածի համաձայն  անունն  առաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Ըստ մեկ այլ տարբերակի`  Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։
Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում:
Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում: Այս երկու գետերի միացման տեղում` եռանկյունաձև  տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։
Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։  Քաղաքն ունեցել է 40 դուռ։
Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։
Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ: Ըստ արհեստների ձևավորվել  էին ամբողջական թաղամասեր։
Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 - 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։
Մայրաքաղաք հռչակվելուց հետո վերջինս զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են։
Ամենից շատ  իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը 960-1001թթ.:  Քաղաքը  նաև հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք:
1053թ.  ընկավ Բագրատունյաց թագավորությունը։ Թշնամիների հարձակումները, առևտրական ճանապարհների փոփոխությունը, հաճախակի երկրաշարժերը Անիի կործանման  պատճառ դարձան։ Առավել մեծ հարված էին 1319 թվականի երկրաշարժը և Լենկթեմուրի արշավանքները, որոնք կործանարար եղան Անիի համար։
Անին սկսեց աստիճանաբար ամայանալ: 17-րդ դարի սկզբին նա արդեն անմարդաբնակ էր և ավերված։ Անիի հայերը մեծ մասամբ գաղթեցին Լեհաստան և Ղրիմ։
Քաղաքի ավերակները  ներկայումս գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ, Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք:

Комментарии