Արագածոտնի մարզի հուշարձաններ

Սաղմոսավանք                                                                                      

Գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. Առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:
Ս. Սիոն եկեղեցի -համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է: Մուտքը արևմտյան կողմից է: Բարձր գլանաձև թմբուկը և կոնաձև վեղարով գմբեթը եկեղեցուն հաղորդում են սլացիկ տեսք:
Գավիթ-գտնվում է գլխավոր` Ս. Սիոն եկեղեցու արևմտյան կողմում: Կառուցել է Վաչե Վաչուտյանը 1215-1235 թթ.: Քառասյուն կառույց է: Ուշագրավ է գավթի ծածկի համակարգը, որը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է:
Գրատուն–եկեղեցի -տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Կառուցել են ՔուրդՎաչուտյանը և իր կին Խորիշահը 1255 թ.` իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին: Հատակագծային հորինվածքով տարբերվում է նույն դարաշրջանի մյուս գրատներից: Արևելյան կողմում ունի խորան, իսկ պատերում` խորշեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է:
Ս. Աստվածածին եկեղեցի–գտնվում է Ս.Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատինկից: Կառուցվել է 1235 թ.: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է:
                                                



                      Սուրբ Գևորգ եկեղեցի

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Գառնահովիտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկը աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:Ս. Գևորգ եկեղեցին նմանատիպ կառույցներից առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով և մանրամասերի շեշտված յուրօրինակությամբ:
     

           Մուղնիի Ս. Գևորգ վանքը  


Մուղնիի Ս.Գևորգ վանքը գտնվում է Մուղնի գյուղի հարավային ծայրում: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնիի Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: XIII-XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: Վանքը ծաղկում է ապրել XVII դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերականգնվել է: 1632-55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորերը` 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն 1664թ. Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-69-ին կառուցել նորը:Վանքի Ս.Գևորգ եկեղեցու ճարտարապետն է Սահակ Հիզանեցին (1666), որի մահից հետո նրան փոխարինել է իր աշակերտ Ուստա Մուրադը: Մուղնիի Ս. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է XIX դարում. 1830-ին նորոգել են տանիքը, 1839-ին` կայծակից վնասված գմբեթի վեղարը: 1870-ին այնտեղ դպրոց է հիմնվել: 1895-ին կառուցվել է հյուսիսարևելյան կողմի բնակելի սենյակների 2-րդ հարկը: Համալիրի հյուսիսարևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը`զուգակցված ջրամբարի հետ: Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը: 2000-ին վանքը նորոգվել և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ: 2000-ի հոկտեմբերի 8-ին վերաօծվել է Գարեգին Բ կաթողիկոսի ձեռքով:Վանքի եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով է, կառուցված է սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով: Եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12 սյունանի ռոտոնդան: Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը: Խորանի և դահլիճի հյուսիսարևելյան անկյան վրա տարբեր տեսարաններ պատկերող XIX դարի որմնանկարներ են: Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը` սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են: Ուշագրավ է հարավային մուտքը իր բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով:Մուղնիի Ս.Գևորգ եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է:

      Հովհաննավանք վանական համալիր


 Վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Համալիրի կազմում ընդգրկված են IV դ. Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, 1216-1221 թթ. Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, XIII դ. գավիթը, տապանատունը, հուշասյուն կոթողը, թևավոր խաչքար և որմնափակ խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:
Ս. Կարապետ բազիլիկ եկեղեցի -համալիրի հնագույն շինությունն է: Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է IV դ. սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է միանավ բազիլիկը: Եկեղեցու Ս. Կարապետ անվանումը կապվում է Հայաստանում քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքի հետ: Վերակառուցվել է 573 թ.` վանահայր Աշոտ Դվինեցին փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Վերակառուցման է ենթարկվել նաև 1652 թ.: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը` պայտաձև կամարներով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին` վերջին նորոգման ժամանակ, քանդակվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը` արծիվ (ճանկերում` աղավնի):
Ս. Կարապետ գլխավոր եկեղեցի -կից է միանավ բազիլիկ եկեղեցուն հարավային կողմից: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ., շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը: Հատակագծում այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով գմբեթավոր սրահատիպ կառույց է, որտեղ անցումը գմբեթին իրականացվել է առագաստային փոխանցումով: Եկեղեցին արտաքուստ և ներքուստ շատ հարուստ է բազմաբնույթ, հյուսվածազարդ բարձրաքանդակներով ու պատկերաքանդակներով: Առավել ուշագրավ է շքամուտքի բարավորի պատկերաքանդակը, որը հարդարված է բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա գերիշխող «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությամբ։
Գմբեթը և հարավային պատը քանդվել են 1918 թ. երկրաժարժից, վերականգնվել` 1990-ական թթ.: Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջել Քասաղ գետի ձորը:
Գավիթ-ժամատուն – կառուցել է Քուրդ Վաչուտյանը 1250 թ. գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից: Ուղղանկյուն հատակագծով լայնարձակ կառույցը պատկանում է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթների տիպին: Ինչպես գլխավոր եկեղեցին, ժամատունը ևս աչքի է ընկնում բարձրաքանդակների ճոխությամբ: Ծածկը մասամբ իրականացված է շթաքարերով, մասամբ` խաչվող թաղերով և հարթ քարե առաստաղներով: Ծածկի կենտրոնական մասում զանգակատան 12-սյունանի ռոտոնդան է (հավանաբար կառուցվել է 1274 թ. նորոգման ժամանակ), որն եզակի է Հայաստանի նույնատիպ շինություններում և ունի ամենամեծ` 6,5 մ տրամագծով երդիկ:Գավիթի հյուսիսային և բազիլիկ եկեղեցու արևմտյան պատերին կից է տապանատունը:
Հուշասյուն կոթող – թվագրվում է VI դ., կանգնեցված է վանքից հարավարևմուտք: Կոթողի եռաստիճան հիմնապատվանդանն ու միակտոր քարե պատվանդանը բազմանիստ են, իսկ հյուշասյունը նույնպես բաղկացած է միակտոր քարից կերտված զույգ սյուներից, որոնք պսակվում են մեկ ընդհանուր խոյակով:
Թևավոր խաչքար – թվագրվում է վաղ միջնադարով և կանգնեցվել է խորանարդաձև պատվանդանի վրա: Քանդակազարդ մեծածավալ հիմքից բարձրացող ուղղաձիգ խաչաքանդակի հորիզոնական թևերի տակ` երկու կողմերին, քանդակված են երկուական բուսական զարդաքանդակներ, իսկ խաչաթևերը պատված են համատարած զարդանախշերով:1629 թ. գավիթից հարավ կառուցվել է վանական համալիրի դպրոցի շենքը: Իսկ XVII-XVIII դդ. համալիրի հարավային պարսպապատին կից եղել է միաբանության երկհարկ շենքը (ինչպես այս, այնպես էլ դպրոցի շենքը չեն պահպանվել):Վանքը շրջապատված է եղել բուրգերով ուժեղացված պարսպով, որը XII դ. վերջին կառուցել էր Նանա թագուհին:Հովհաննավանքը նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից է: XVI դ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրվել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Այս գրչօջախից մեզ հասած շուրջ 20 ձեռագրեր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։


Комментарии