Մկրտիչ Խրիմյան

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

                    Գրող, մշակութային գործիչ


 Մկրտիչ Խրիմյանը  Հայոց 125-րդ կաթողիկոսն է:Ծնվել է Վանում 1820 թ. ապրիլի 4-ին: Ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում: 1842թ. հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854թ. ձեռնադրվել է վարդապետ: 1855-56թթ հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856թ., վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857թ. հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858թ. վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը: 1862թ., Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ, ստանձնել է Սբ. Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան: 1863-65թթ հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը: 1868թ. Սբ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս: 1869թ. ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք: Թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների պատճառով, 1873թ. հրաժարվել է պատրիարքությունից: 1878թ., իբրև Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին և փորձել ձեռք բերել նրանց բարյացկամությունը հայկական հարցի լուծման համար, սակայն, հիասթափված վեհաժողովի արդյունքներից, փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել: 1879թ. ընտըրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ: 1890թ. թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1892թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց, Ռուսաստանի թագավորի միջնորդությամբ, նրան թույլատրել է գնալ Սբ. Էջմիածին: 1893թ. օծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս (Մկրտիչ Ա Վանեցի): 1895թ. մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ 2-րդ թագավորին` Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: Նրա օրոք Սբ. Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան: Գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ: Մահացել է Վաղարշապատում  1907թ. հոկտեմբերի 29-ին, թաղված է Էջմիածնի Մայր տաճարի բակում:

Комментарии