Սան–Ստեֆանոյի պայմանագիրը

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը

1878թ. այս օրը ստորագրվեց Սան–Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր. «Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը (Թուրքիան) պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»:
Բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում, մինչև ռուսական զորքերի դուրսբերումը, և դրանց մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական կողմին: Քանի որ Թուրքիան անկարող էր վճարել հսկա ռազմատուգանք, Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը:
16-րդ հոդվածը ոգևորեց հայությանը: Այնտեղ առաջին անգամ օգտագործվում էր Հայաստան անվանումը, և Թուրքիան խոստովանում էր, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր:
Սան-Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի նախաձեռնությամբ հրավիրված Բեռլինի կոնգրեսում, որտեղ 16–րդ հոդվածը փոխարինվեց 61–ով։ Այդպիսով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին:
Սան–Ստեֆանոյի պայմանագիրը մեծ նշանակություն է ունեցել թուրքական լծից բալկանյան ժողովուրդների ազատագրման, ինչպես նաև Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։

Комментарии