20-րդ դարի մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը կարելի է համարել
Հայոց Մեծ Եղեռնը: Մեծ ոճիրի արմատները ավելի վաղ էին ձևավորվել: Դրա առաջին
կազմակերպիչն ու իրագործողը եղավ Թուրքիայի սուլթանական վարչակարգը: 19-րդ դարի 70-80-ական թվականներին հայ ազատագրական շարժման մեջ կատարված արմատական շրջադարձը, Հայկական հարցի միջազգայնացումը սուլթանական արքունիքում
ավելի առարկայական էին դարձնում հայասպան ծրագիրը: Սուլթան Աբդուլ Համիդի 1894-1896թթ. կազմակերպած արևմտահայերի ցեղասպանության ժամանակ զոհ գնացին 300000-ը, բռնությամբ մահմեդականացվեցին շուրջ 100000-ը, 300000 արևմտահայեր էլ արտագաղթեցին Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ և Ամերիկա: 1908թ. Օսմանյան կայսրությունում ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկած
«Իթթիհատ վե Թերաքքի» («Միություն և Առաջադիմություն») կուսակցությունը, տապալելով
Աբդուլ Համիդյան բռնատիրական իշխանությունը, հռչակեց, որ այսուհետ Թուրքիայում ապրող ազգությունների միջև կլինի իրավահավասարություն: Սա մեծ ոգևորություն էր Թուրքիայում ապրող ոչ թուրք ազգությունների` այդ թվում արևմտահայերի համար: Սակայն ընդամենը մեկ տարի անց` 1909թ., երիտթուրքերը ցույց տվեցին իրենց իրական դեմքը` կազմակերպելով Կիլիկիայում հայերի ջարդեր: Դրանց զոհ գնացին ավելի քան 30000 հայ:
Պաշտոնապես ընդունելով պանթուրքիզմը` երիտթուրքերը նպաստավոր պահի էին
սպասում դրա իրականացման համար, որն էլ դարձավ առաջին համաշխարհային
պատերազմը: Սակայն երիտթուրքական արկածախնդիրների ճանապարհին, որպես մեծ
խոչընդոտ, ընկած էր հայ ժողովուրդը, որի հայրենիքը սեպի նման խրված էր մի կողմից
Թուրքիայի, մյուս կողմից` Ռուսաստանիմիջև: Նախ հարկավոր էր վերացնել հայական այդ սեպը հայ ժողովրդին գլխովին բնաջնջելու, Հայաստանն իսպառ հայաթափ անելու
միջոցով: Երիտթուրքական իշխանությունները մանրակրկիտ ձևով ծրագրեցին այս հրեշավոր
մտահաղացումը: Էնվերի հրահանգով ստեղծվեց «Թեշքիլաթ մահսուսա» («Հատուկ կազմակերպություն»): Այս կառույցն էլ, որի շուրջ համախմբվել էին երիտթուրքական կուսակցության շատ անդամներ, թուրք սպաներ, բանտերից ազատված քրեական հանցագործներ, դարձավ Հայոց Մեծ Եղեռնը գործողության մեջ դրած հիմնական շարժիչ ուժը: Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման մեջ իրենց դերակատարումն ունեցան երիտթուրքական իշխանության այնպիսի բարձրաստիճան դեմքեր, ինչպիսիք էին զինված ուժերի հրամանատար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթը, դոկտոր Նազըմը, դոկտոր Բեհաէդդին Շաքիրը, լուսավորության նախարար Միդհատ Շուքրին և այլոք: Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ծրագիրը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի:
Առաջին փուլ.
1914թ. հուլիսի 25-ին հրապարակված զորահավաքի շրջանակներում թուրքական և Պարսկաստանի թուրքախոս երկրևամասերի իշխանությունները բանակ էին զորակոչում 15-60 տարեկան հայ տղամարդկանց, որոնց մեծ
մասը շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով մաս-մաս ոչնչացվում
էր: Դրանով իսկ թուրքերն ազատվում էին հնարավոր դիմադրություն ցույց տվող հայկական
ուժերից:
Երկրորդ փուլ.
1915թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի
հայ մտավորականների, որոնց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց:
Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր
Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Ավելին` Թալեաթի հրամանով Գրիգոր Զոհրապն
առանձնակի դաժանությամբ սպանվեց:
Երրորդ փուլ:
Ձեռնատելով և գլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով
արտաքին աշխարհից` թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երրորդ քայլին`
անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերին և
բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող
ցեղասպանություն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: Ցեղասպանություն, որը նպատակ ուներ
իրագործելու հայ ժողովրդի մասսայական ոչնչացումն ու հայրենազրկումը:
Комментарии
Отправить комментарий