Գևորգ Էմին -Բանաստեղծություններ

  Խոսիր, Հայաստան
    
     Խոսի՜ր, Հայաստան.
     Դո՛ւ, որ դարերի տանջանք ես տեսել
     Եվ տարիների խնդություն միայն,
     Ասա՛ քո պատգամն ու խոսքը վսեմ
     Աշխարհներին ու ազգերին համայն...
    
     Տե՛ս, աղավնի՜ն է
     Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
     Որին դարերով երազե՜լ ես դու...
     Վստահի՜ր խոսել քո ժողովրդի՛
     Եվ քո՛ անունից՝
     Բանաստեղծ որդո՜ւդ...
    
     Լսո՞ւմ ես,
     Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
     Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
     Որ ցանել են մեր նախնիները հայ՝
     Դեռ Ուրարտույում,
     Քրտինքո՜վ ջրած հո՛ղն այս ժայռեղեն:
    
     Սակայն նո՛ւյն օրը,
     Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
     Գտել են նաև պղնձե նիզա՛կ՝
     Ի ցույց այն բանի՛,
     Որ ծնված օրից հայ սերմնացանը,
     Սերմը՝ մի ձեռքին,
     Մյուսով զե՛նք է բռնել,
     Որ ցանած արտը պաշտպանի...
    
     Ոչ ոք չի՜ ասի՝
     Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
     Ոչ ոք չի՜ ասի՝
     Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
     Մի բուռ ցորե՜ն են
     Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
     Եվ մի բուռ հա՜յ է
     Հասել Հարության այս առավոտին...
    
     Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
     Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա՛կ.
     Եվ այս,
     Մեզ հասած մի բուռ ժողովո՛ւրդն
     Ու սե՜րմը վկա, -
     Իր կորցրածը նա ե՜տ կստանա...
    
    
    
     ԶԳՈԻՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
    
     Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, -
     Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
     Արձագա՛նք է տալիս հզոր
     Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...
    
     Թե բարի են խոսքերը քո,
     Հայոց լեռներն ակնածանքով
     Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
     Բաշը քսած քո ձեռքերին:
    
     Իսկ թե չար են` լեռները մեր,
     Հրաբխի բնե՛րն անմեռ,
     Որ լռել են, բայց չե՛ն հանգել,
     Քեզ լավայո՛վ կարձագանքեն,
     Որ լեռնե՛ր է քշում-տանում...
    
     Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում...
    
     Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, -
     Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
     Երկու հոգու տեղ չեն անում,
     Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
     Թե բարեկամ ես ու ընկեր,
     Ա՜նց կկենաք իրար գրկած,
     Թե դավով ես այստեղ ընկել,
     Կգլորվես ժայռերից ցած.
     Ո՞վ եղավ քո գալու վկան,
     Գնալըդ ո՞վ է իմանում...
    
     Նեղ են ճամփեքը լեռնական,
    
     Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
     Զգո՜ւյշ գործիր Հայաստանում, -
    
     Մենք գահ ու թագ չե՛նք ունեցել,
     Եվ... արքա՛ է ամեն մի հայ,
     Զորք ու բանակ չենք ունեցել,
     Եվ... սպա է ամեն մի հայ.
    
     Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
     Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
     Ամեն մի հայ` մի Հայաստան
     Բաժան-բաժան,
     Անմիաբան,
     Զատվա՜ծ, հատվա՜ծ,
     Եվ սակայն` մի`
     Երբ սպառնում է թշնամին
     Մեր դարավոր անմահ երթին
     Եվ այս ժայռին թառած բերդին,
     Որ Հայրենիք ենք անվանում...
    
     Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում:
    
    
    
     ՄԵՆՔ
    
     Եվ ի՞նչ էինք մենք
     Ու երկիրը մեր,
     Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.
     Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,
     Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
     Եթե հող՝ ապա քարացած ահից,
     Եթե քար՝ ապա ճչացող ցավից,
     Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
     Եզակի որակ՝ առանց քանակի,
     Քաջարի սպա՝ առանց բանակի,
     Պաշտամունք՝ հնի ու ավերակի...
    
     Եվ ի՞նչ էինք մենք
     Ու երկիրը մեր,
     Թե շիտակ նստած՝ ծու՜ւռ խոսենք անգամ, -
     Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
     Հյուր՝ իր սեփական օջախ ու հարկում.
     Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
     Լեռ, որ հեռվի՛ց է միայն երևում,
     Անժողովուրդ հո՛ղ,
     Անհող ժողովո՛ւրդ
     Եվ ցրված հուլունք,
     Որ չէր ժողովվում:
    
     Մենք խո՛ւլ ենք կիսով.
     Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
     Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
     Մեր ականջներում
     Հայոց պատմության քաո՜սն է խշշում՝
     Փնտրելով խոսքեր դառնալու հնար:
    
     Մենք կա՛ղ ենք կիսով,
     Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
     Սուրիո ավազին,
     Փարիզի մայթին,
     Նեղոսի ափին, ...
     Մեր մյուս ոտքը
     Խրված է Մասիս լեռան ձյունի մեջ,
     Եվ մենք չե՜նք քայլում,
     Մենք տեղ չե՜նք հասնում՝
     Գծում ենք միայն
     Մեր պանդխտության շրջագիծն անել՝
     Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ...
    
     Մենք կույր ենք կիսով.
     Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
     Եվ աղո՜տ ենք մենք տեսնում,
     Անկատա՛ր.
     Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
     Ստիպել են զենք բռնել մյուսով՝
     Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:
    
     Մենք հա՛մր ենք կիսով.
     Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
     Մեր մտածածը չասելու համար, ...
    
     Որ չուրախանա՛նք մեր ուրախությամբ,
     Չհպարտանանք մեր հպարտությամբ
     Ու... չսգանք մեր զոհերն անհամար:
    
     Արայի պես ենք մենք սիրահարվում.
     Մեզ թվում է միշտ,
     Թե սիրով տարված՝մեր հողն ենք լքում
     Եվ... վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.
    
     Կես ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝
     Մթագնե՜լ է կեսն
     Անեծքի՜ց,
     Ցավի՛ց...
    
     Մենք կես,
     Կես ենք մենք,
     Չլինէինք կես՝
     Հայ կը լինէինք,
     Եվ ոչ թուրքահայ,
     Կամ ֆրանսահայ.
     Կամ Արաբահայ,
     (Իսկ վաղն աստղահայ
     Եվ կամ լուսնահայ...)
    
     Կես ենք,
     Երկճեղքված,
     Կիսված,
     Երկգագաթ
     Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
     Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
     Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
     Եվ այն կեսը,
     Որ ես եմ,
     Դո՛ւ և նա՛,
     Մենք կմիանանք
     Մենք կամբողջանանք,
     Կգտնենք մի օր
     Լրիվ դառնալու հնար՛ն անհրար:
    
     Մենք փո՜քր ենք, այո՛,
     Փո՛քր,
     Լեռների ծերպից սուրացող այն քարի՛ նման,
     Որ դաշտում ընկած ժայռի ո՛ւժն ունի.
     Փո՛քր,
     Լեռնային մեր գետերի պէս,
     Որոնք վիթխարի ո՛ւժ են ամբարել,
     Անծանո՜թ՝
     Հովտի ծույլ-ծույլ գետերին:
     Մենք փո՜քր ենք, այո,
    
     Փո՛քր ենք,
     Բայց ինչպես գնդակը՝փողո՛ւմ,
     Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում
    
     Ոսկու մի հատի՛կ,
     Որ վերևի՛ց է նայում
     Կապարի ու թուջի քաշին.
    
     Մենք փո՜քր ենք,
     Սակայն համեմունք ենք մենք, ...
     Ա՛ղն այն մի պտղունց,
     Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...
    
     Մենք փո՜քր ենք, այո՛,
     Ձեզ ո՞վ էր ասում,
     Մեզ սեղմե՛ք այնքան,
     Որ մենք ստիպված... ադամա՜նդ դառնանք.
    
     Ո՞վ էր ստիպում՝
     Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անեք,
     Որ միշտ մե՛զ տեսնեք՝
     Ուր էլ որ գնաք...
    
     Մենք փոքր ենք,
     Սակայն մեր երկրի նման,
     Որի սահմանը
     Բյուրականից մինչ Լուսի՛ն է հասնում,
     Եվ Լուսավանից մինչև Ուրարտո՛ւ...
    
     Փո՛քր,
     Այն հրա՜շք ուրանի նման,
     Որ դար ու դարեր
     Փայլո՜ւմ է,
     Շողո՜ւմ,
     Սակայն չի՜ հատնում...
    
    
    
     ԵՍ ՀԱՅ ԵՄ
    
     Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
     Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
     Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
     Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:
    
     Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
     Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
     Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
     Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:
    
     Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
     Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
     Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
     Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:
    
     Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
     Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
     Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
     Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:
    
    
    
     Ձյու՜ն է գալիս
    
     Ձյու՜ն է գալիս,
     Եվ մի աղջիկ, մայթում խավար,
     Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս…
    
     Ինչո՞ւ է նա այդպես լալի՜ս…
     Ու մոլորված գնում-գալի՜ս,
     Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.
    
     Գուցե նրա հե՛րթն է գալիս
     Զգալո՛ւ, որ կյանքը, ավա՜ղ,
     Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.
    
     Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
     Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս,
     Դեգերո՜ւմ է մայթում խավար.
    
     Եվ կարծում է հավանորեն,
     Թե էլ չի՜ գա բախտը նորեն
     Եվ…անցե՜լ է անդառնալի…
    
     Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
     Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
     Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
     Եվ զո՜ւր է նա այդպես լալիս…
     Ձյու՜ն է գալիս...
    
    
    
     * * *
     Բարին լինե՛ր, չարը չգա՜ր…
     Բայց թե լինես միայն մի բուռ,
     Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար,
     Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
     Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր,
     Չարի ձեռքից պրծում չկա՜…
    
     Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ» ՛
     Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
     Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
     Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
     Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
     Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց,
     Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
     Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց,
     Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
     Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
     Մեկ ապրելով, տաս մեռնելով,
     Մեկ զարկելով, տաս զարկվելով,
     Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
     Դավթի ջաղացն ու իր քարեր,
     Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
     Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան, -
     Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
     Եվ ի՜նչ մնաց… մի Սաանաշեն,
     Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
     Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
     Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
     Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…
    
     Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր, -
     Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
     Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր, -
     Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա,
     Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
     Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա…
    
    
    
     Քո աչքերի մեջ
    
     Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
     Գանգուրների մեջ մատների շոյանք,
     Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
     Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:
    
     Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
     Եվ մի խեղճանա,
     Քեզ չեմ նախատում,
     Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
     Իսկ գիտե՞ս:
     Լավը շատերն են կարդում:
    
     Կարդո՞ւմ:
     Այլ բան է լավ գիրքը բացել,
     Եվ այլ՝
     Հասկանալ,
     Զգալ,
     Հավատալ...
    
     Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
     Իսկ ես ուզում եմ
     Քո սիրտը կարդալ...
    
    
    
    
     ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ
    
     Մեղավո՜ր էլ չեն նրանք, տե՛ր, գուցե,
     Իմ թշնամիներն այս` ո՛չ երգեցիկ-
     Թե սոխա՜կ էիր դու ինձ ստեղծել,
     Ինչո՞ւ ագռավի երա՛մ նետեցիր.
     Թե ճերմա՜կ էիր, տե՛ր, ինձ ստեղծել,
     Ի՜նչ գործ ունեի այս սև երամում,
     Ուր ամեն սև հանք փորձեր ինձ կտցել-
     Ճերմակը կարծած գո՜ւյնը թշնամու...
    
     Եթե պիտի ինձ թողնեիր կտցել
     Եվ արյունլվա ցա՜ծ նետել վերից,
     Ինչո՞ւ կամեցար հենց այստե՛ղ գցել`
     Այս վտառի՛ մեջ իժ ու օձերի...
    
     Չ՞է որ հավքերը, գիտե՜ս, իմաստո՛ւն,
     Սողուննեի՜ց են երբեմն սերել,
     Եվ ամեն սողուն, նախանձը սրտում,
     Թռչունի ճախրը չի՜ կարող ներել.
    
     Եվ, ինչքան էլ խե՜ղճ լինի իմ առջև,
     Նրանո՛վ է հենց հզոր ինձանից,
     Որ, - անզո՜ր ինձ պես ճախրել ու թռչել, -
     Վախ չունի կյանքում նաև... անկումի՜ց..
    
     Մեզավո՜ր էլ չեն նրանք, տե՛ր, գուցե,
     Իմ թշնամիներն այս` ոչ երգեցիկ.
     Թե սոխա՜կ էիր դու ինձ ստեղծել, -
     Ինչո՞ւ ագռավի երա՛մ նետեցիր...
    
    
    
     Այս էլ քանի՜ անգամ ասեմ...
    
     Այս էլ քանի՜ անգամ ասեմ,
     Որ քո սիրո ճախրին վսեմ
     Կապույտ երկի՜նք է հարկավոր.
    
     Որ քո սիրտը երախտավոր
     Զու՜ր ես տալիս... ապերախտին.
    
     Որ քո բախտին
     Հարկավոր է ուրի՜շ ճամփա.
    
     Որ ես ամպած
     Լոկ արցո՜ւնք եմ աչքիդ բերում.
    
     Որ քո գրկում,
     Բայց գերվում եմ ես ուրիշո՜վ.
    
     Որ հին հուշով,
     Ես ուրիշի տո՜ւն եմ գնում.
    
     Բո՜ւյն եմ դնում,
     Ինչպես ծաղկած վարդենուն... բո՛ւն.
    
     Որ դու անքուն,
     Զո՜ւր ես անվերջ ինձ երազում.
    
     Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
     Իսկ ես` սարից ցա՜ծ եմ գնում...
    
     Էլի՞ ասեմ,
     Սակայն մեկ չէ՞_ասե՜մ- չասե՜մ, _
    
     Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
     Դու այնքան շա՜տ ես ինձ կանչում.
    
     Ինչքան սրտիդ ցա՜վ եմ բերում,
     Դու այնքան... լա՜վ ես համբուրում.
    
     Ինչքան ասո՛ւմ, _
     Այնքան շա՜տ ես ինձ երազում
    
     Ու համբույրով
     Կիսա՜տ թողնում իմ խոսքն էլի...
    
     Ինչքա՜ն ասեմ քեզ... սիրելի՛ս...
    
    
    
     ՔՈ ՁԵՌՔԵՐԸ
    
     Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
     Որոնք, արդեն քանի՜ տարի,
     Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
     Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.
     Ինձ աշխարհի տե՛րը անում,
     Սակայն երբեք չեն տիրանում.
     Օղակի պես շուրջս պրկվում,
     Բայց չե՜ն խեղդում,
     այլ` լոկ փրկո՜ւմ,
     Ինչպես փրկում են խեղդվողի՛ն...
     Քո ձեռքե՛րը, -
     Նո՜ւրբ,
     Ասողի՜կ,
     ՈՒ երգեցի՜կ,
     Որոնց ափում,
     Ես` չո՜ր խեցի,
     Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
     Ես սիրում եմ քո ձեռքերը...
     «Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում...» -
     Իսկ Մարգարիտն այս աշխարհում
     Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
     Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜, -
     Երբեք պիտի չխնայե՜ս
     Եվ... միշտ... կրցք՛իդ վրա՛ պահես, -
     Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
     (Քո սիրո՛ւց ու կրծքից հեռո՛ւ),
     Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ, -
     Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
     Իմ սիրելի՜,
     Իմ ասողի՜կ,
     Իմ գեղեցի՜կ...
    
    
    
     ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    
     Ի՞նչ է պետք մարդուն
     Սիրո մեջ հզո՜ր լինելու համար.-
     Ավա՜ղ,
     Շա՛տ չնչին,
     Հասրա՜կ մի բան`
     Քի՛չ սիրել
     Եվ կամ... բնավ չսիրե՛լ...
    
     Աստվա՜ծ ազատի այսպիսի բախտից
     Եվ այս դրախտի՛ց,
     Որն ի՜նձ է տրվե՛լ...
    
     Երբ ե՛ս եմ սիրում`
     Փխրո՜ւն եմ այնքան,
     Թո՜ւլ,
     Անօգնակա՜ն,
     Սակայն` երջանի՜կ...
    
     Երբ ի՜նձ են սիրում,
     (Եվ ես չե՜մ սիրում) -
     Անտարբե՜ր եմ ա՛յն ծառի բնի պես,
     Որին փարվում է բաղե՜ղը կանաչ.
     Բի՛րտ, այն ժայռի պես,
     Որի մոտ ծովը կուզեր... մերկանա՜լ.
     Սա՜ռը, -
     Որմի պես այն եկեղեցու,
     Որը համբուրո՛ւմ,
     Որի մոտ մո՜մ են վառում մեր կանայք.
     Եվ ուժե՛ղ, -
     Դժբա՛խտ այն մարդու նման,
     Որը սիրվո՛ւմ է,
     Սակայն... չի՜ սիրում:
    
     Ուժե՛ղ ու դժբա՛խտ,
     Հզո՛ր ու ... դժգո՛հ,
     Քե՜զ եմ կարկառել ձեռքերըս ահա,
     Սիրո Աստվա՛ծըդ ամանակարող,
     Ո՜ւժ տուր հզորիս
     Եվ տուր քաջությո՛ւն,
     Այս... թույլ աղջկան ասել` «Չե՜մ սիրում...» .
    
     Ասել մի՜ անգամ,
     Գոնե մի՜ անգամ,
     Երբ, - քանի՜ տարի, -
     Քանի՜ անգամ եմ այս նույն շուրթերով –
     Ստե՞լ...
     Ո՛չ, ինչո՞ւ, -
     Անզո՜ր լինելով հերքել` «չե՜մ սիրում»,
     Հեգել` «Սիրո՜ւմ եմ...»
    
     Ո՜ւժ տուր հզորիս.
     Բայց ինչպե՜ս, ինչպե՜ս,
     Երբ իմ մի հատիկ
     Ջերմ շշունջից ու խոսքի՛ց սերում,
     Շողն` այս քնքշանքից թացվա՜ծ աչքրից,
     Դողն` այս բերկրանքից բացվա՜ծ շուրթերի
     Եվ լցվա՜ծ սրտի,
     Որ տրոփում է միայն ի՜նձ համար,
     Որ տրոփում է միայն ի՜մ սիրուց,
     Ի՛մ, որ... չե՜մ սիրում...
    
     Ո՜ւժ տուր հզորիս.
     Բայց ինչպե՜ս, ինչպե՜ս,
     Երբ իմ մի հատիկ
     Ջերմ շշունջից ու խոսքի՛ց է սերում,
     Շողն` այս քնքշանքից թացվա՜ծ աչքերի,
     Դողն` այս բերկրանքից բացվա՜ծ շուրթերի
     Եվ լցվա՜ծ սրտի,
     Որ տրոփում է միայն ի՜նձ համար,
     Որ տրոփում է միայն ի՜մ սիրուց,
     Ի՛մ, որ... չե՜մ սիրում...
    
     Ո՜ւժ տուր, որ ասեմ և կա՛մք...
     Սակայն ո՞վ,
     Ո՞վ կարող է, սի՛րտ,
     Տրորե՜լ ոտքով կոկո` նն այս բացվող,
     Ջարդե՜լ նորատունկ այս շի՜վը դալար,
     Ցեխով փզկե՜լ այս կարակչող առո՛ւն, -
     Որ չկարկաչի՜ գուցե էլ բնավ,
     Որ գուցե բնավ էլ ծաղիկ չտա՜,
     Եվ էլ չխշշա՜ կանաչ բացատում...
    
     Տե՛ս, վազո՜ւմ է նա թևերը բացած,
     Եվ սիրուց հարբած ինձ մո՛տ է սուրում,
     Գալի՜ս է էլի...
     (Ինչո՞ւ ես լռել
     Ասա` «Չե՛մ սիրում» ...)
    
     Եվ, ի՜նչ որ ուներ,
     Եվ, ի՜նչ որ ունի,
     Ի՜նչ որ կունենա, -
     Իր բախտի ու իր կյանքի հետ միակ
     Ինձ զո՜հ է բերում...
    
     Ո՜ւժ տուր, լսո՞ւմ ես,
     Սիրո Աստվա՛ծըդ ամենակարող,
     Գեթ ա՛յս երեկո ասել` «Չե՜մ սիրում»,
     Որ չկրկնվի
     Նրա տենչա՛նքն ու
     Իմ տանջա՛նքն էլի..
    
     «-Եկա՞ր, միա՜կըս,
     Եկա՞ր, սիրելի՜ս...»
    
    
    
    




`

Комментарии