* * *
Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:
(Սագ)
* * *
Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:
(Երկինք)
* * *
Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:
(Նամակ)
* * *
Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:
(Արև)
* * *
Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
(Միտք)
* * *
Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:
(Խնոցի)
* * *
Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:
(Սանր)
Ոտքով, ձեռքով բանում է,
Նեկտար գտավ՝ տանում է,
Տեսավ կողքին չաշխատող՝
Բովտուն տնից հանում է:
/Մեղու/
***
Ճերմակ-ճերմակ թիթեռներ
Իրենց թևերն են բացել,
Ու ճախրում են - թռվռում՝
Քանի գետնին չեն հասել:
/Ձյան փաթիլներ/
***
Միրգ-պտուղ է ժողովում,
Մեջքին առած՝ տուն տանում,
Իրեն բռնել թե փորձես՝
Փշե գնդակ է դառնում:
/Ոզնի/
***
Սուտ ճառեր է նա միշտ ճառում՝
Թե արքա է ողջ անտառում,
Սուտմեռուկ էլ նա կխաղա,
Երբ որ նրա պոչն են դաղում:
/Աղվես/
***
Երբ պետք եմ՝ միշտ էլ
հենվում են, մաշում,
Երբ պետքս չունեն՝
ինձ չեն էլ հիշում:
/Ձեռնափայտ/
***
Ձյունի փաթիլ եմ դաշտում,
Ջուր եմ խմում անկշտում,
Դառնում քուլա, դառնում շոր՝
Ինձ դրա համար են պաշտում:
/Բամբակ/
***
Անձեռ, անոտ սուրում է,
Անգետ-անգետ սուլում է,
Երբ փնտրածը չի գտնում.
Ձեռքը պարզած՝ մուրում է:
/Քամի/
***
Մեկ գնում է, մեկ՝ գալիս,
Մերթ խնդում է, մերթ լալիս,
Աշխատում է՝ թե քաշես.
Հատողի դաս է տալիս:
/Սրոց/
***
Կենտ աչքով է քեզ նայում,
Նայես՝ աչքով է անում,
Քեզ "կուլ տալիս" ինչպես կաս,
Բայց "անարատ" դուրս հանում:
/Լուսանկարչական սարք/
***
Կանաչ հագավ, ու անտես
Զուգվեց ջահել հարսի պես,
Արար աշխարհ դարձրեց
Ուրախության ճոխ հանդես:
/Գարուն/
***
Ունի երկու խողովակ,
Ամեն մեկն ունի ակ,
Խողովակից թե նայես՝
Ողջ աշխարհն է ոտքիդ տակ:
/Հեռադիտակ/
***
Հատիկ ունի՝ ասես նուռ,
Հատիկները փշոտ, սուր,
Պտղամիսն է շատ համեղ,
Նրան ասում են...
/Մասուր/
***
Ձյունի նման եմ, քնքուշ,
Շատ համեղ եմ, քաղցրանուշ,
Ով որ իմ համը առնի՝
Նա ինձ կասի...
/Սառնանույշ/
***
Ինձ դարսում են հատիկ-հատիկ
Մի տուփի մեջ՝ բազմապատիկ,
Ողջ աշխարհը կհրդեհեմ՝
Ինձնից վառես թե մի հատիկ:
/Լուցկի/
***
Ամեն տեղ է իրեն խոթում,
Անուշ բույրեր որսում օդում,
Բայց երբ տերը հիվանդացավ՝
Մատով նրա աչքն է բոթում:
/Քիթ/
***
Գարնան շնչից շառաչում,
Կարկաչում է ու կանչում,
Բայց երբ ձմեռ է գալիս՝
Լռության մեջ հառաչում:
/Առվակ/
***
Ասես ձուկ է ջրի տակ,
Չափում է ծովն անհատակ,
Մի աչք ունի գլից վեր,
Որ և' ակ է, և' դիտակ:
/Սուզանավ/
***
Շատախոս է, շատախոս,
Փույթ չէ՝ ընկնի դար ու փոս,
Եթե նրան չտանջես՝
Նա կմնա միշտ անխոս:
/Լեզու/
***
Ամպը ամպին ոսոխ դառավ,
Ասես հրե լեզու առավ,
Երբ յոթ գույնով փայլատակեց՝
Կյանքը մեկեն հրաշք դառավ:
/Ծիածան/
***
Մկնիկներին կեր է տալիս,
Խաբում է՝ թե սեր է տալիս,
Երբ փորձում են կերը ուտել՝
Մեկեն բռնում-տուր է տալիս:
/Թակարդ/
Ինքը չի ուտում,
Ինքը չի խմում,
Բայց իր տիրոջը
Միշտ կուշտ է պահում:
/Արհեստ/
***
Ունեմ երկու փայտե ձի,
Առանց պայտի և սաձի,
Այնտեղ են ինձ ման ածում,
Ուր նստել է առատ ձյուն:
/Դահուկներ/
***
Թեև բույս եմ, ունեմ ցողուն,
Բայց չեք գտնի դուք ինձ հողում,
Կանաչ զգեստ կա իմ հագին,
Դիմանում եմ ցուրտ ու տաքին:
/Մամուռ/
***
Այն ի՞նչն է, այն ի՞նչ,
Աշխարհի չափ հին,
Հողին բարեկամ,
Հրին թշնամի:
/Ջուրը/
***
Ոչ թուխպ է, ոչ ամպ,
Բայց քո ցանկությամբ,
Քո ուզած տեղում
Անձրև է մաղում:
/Ցնցուղ/
Комментарии
Отправить комментарий