Եղիշե Չարենց «Տաղ՝ ձոնված գրքերին»

Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:

Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը:
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում – և մոռացվում հավետ…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամու՜,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու-
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
Այս բույրը մշտահոլով:
Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
Մեր տների փայտյա դարակներում բազմած`
Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:

Комментарии