Զաղկազարդի տոն

                   Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 20-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը:
Տիրոջ մուտքը Երուսաղեմ
Տերն այսօր Երուսաղեմ գալով՝ դնում է Իր փրկագործության սկիզբը, վերստին ներգործելով արարածների վրա, որի մասին մարգարեն ասում է. «Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. եկե՜ք ցնծանք և ուրախանանք այսօր»: Նաև՝ «Մե՜ր Տեր Աստվածն երևաց մեզ, կատարեցե՜ք տոնն ուրախության մատղաշ ճյուղերով՝ մուտքից մինչև անկյունները սեղանի» : Իսկ մեկ այլ տեղում ասում է. «Թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առջև, որ գալիս է»:
Նախ տեսնենք, թե ինչո՞ւ Քրիստոս այսօր եկավ Երուսաղեմ, Իր չարչարանքների վայրը: Վարդապետներն ասում են, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծու Գառը, Ով կամենում է պատարագվել մարդկանց փրկության համար: Դրա օրինակը բերված է «Ելից» գրքում: Աստված հրամայում է, որ նիսան ամսվա տասներորդ օրը Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը վերցնի մեկ տարեկան, անարատ և արու գառ, և պահի այն մինչև այդ ամսվա տասնչորսերորդ օրը, ապա երեկոյան զոհաբերի (տե՜ս Ելք ԺԲ 4-6): Այս օրինակից հայտնի է դառնում, որ հրեաները զատկական գառը՝ Զատկի տոնից հինգ օր առաջ տանում էին տուն: Եվ Հիսուս Քրիստոս՝ Աստծու Որդին՝ Հայր Աստծու Գառը, տոնից հինգ օր առաջ եկավ Երուսաղեմ: Ըստ Հովհաննեսի վկայության՝ «Հիսուս Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել» (Հովհ. ԺԲ 1), և այդ օրը շաբաթ էր: Հաջորդ օրը Հիսուս գնում է Երուսաղեմ, որը լուսնի տասներորդ օրն էր: Իսկ հիգշաբթի օրը լուսնի տասնչորսերորդ օրն էր: Քանի որ հրեաները գառնուկին մորթում էին երեկոյան, այդ պատճառով էլ Նրան ձերբակալում են գիշերամիջին, մերկացնում ու նախատում, ինչին Հիսուս համբերում է գառան հեզությամբ: Այդ մասին վկայում է Եսային. «Ինչպես ոչխար՝ Նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ և նրա նման Իր բերանը չի բացում»:
Պետք է նաև այն իմանալ, որ հրեաները շատ անգամ էին ցանկացել բռնել Նրան ու սպանել, սակայն Քրիստոս խույս էր տվել նրանցից, որովհետև Իր ժամը դեռ չէր հասել: Իսկ այսօր, երբ հասնում է ժամը, Իր կամքով գալիս է Երուսաղեմ՝ չարչարանքների վայրը, որպեսզի Իր մահով փրկի աշխարհը:
Հարց. -Ինչո՞ւ այսօր Տերը մեծ պատիվ ընդունեց հրեաներից:
Պատասխան. -Քրիստոս Իր մահվանը մոտենալով, այդ պատիվը նախատինքով հանձն առավ և գործով ցույց տվեց, որ աշխարհի փառքի վախճանը նախատինքն է: Նա այդ օրն ութ պատիվ ընդունեց հրեաներից, իսկ Ավագ ուրբաթ, դրա փոխարեն, ութ նախատինք կրեց:
Առաջին՝ որ այսօր Նրան մեծ պատվով դիմավորեցին Երուսաղեմում, իսկ ավագ ուրբաթ օրը, նույն Երուսաղեմում, անարգանքով խաչը հանեցին: Երկրորդ՝ այսօր Նրա աշակերտները հնազանդ էին ու կատարում էին Նրա հրամանները, իսկ ուրբաթ օրը թողեցին ու փախան: Երրորդ՝ այսօր հրեաները տարածում էին իրենց հանդերձները Հիսուսի ոտքերի առջև, իսկ ուրբաթ օրը Հիսուսին մերկացրին: Չորրորդ՝ այսօր օրհնում էին Նրան ասելով՝ «Օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով», իսկ ուրբաթ օրը՝ անիծում և ասում՝ «Վա՜հ, Դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում» : Հինգերորդ՝ այսօր ծառի ոստեր էին մատուցում Նրան, իսկ ուրբաթ օրը, կապելով քարե սյանը, ծեծում: Վեցերորդ՝ այսօր իրենց զգեստները գցում էին ավանակի վրա, իսկ ուրբաթ օրը՝ կոպտությամբ բևեռեցին խաչի վրա: Յոթերորդ՝ այսօր Նրան թագավոր էին ասում. «Օվսաննա՛, օրհնեա՛լ լինես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՜վ Թագավոր Իսրայելի» , իսկ ուրբաթ օրն ուրացան Նրան ու ասացին. «Չունենք մենք այլ թագավոր, բացի կայսրից» : Ութերորդ՝ այսօր Նրան Փրկիչ էին կոչում՝ ասելով. «Օվսաննա՛», որ թարգմանվում է «փրկի՜ր մեզ», իսկ ուրբաթ օրը Նրան մոլորեցնող էին անվանում ու ասում. «Ուրիշներին փրկեց, Ինքն Իրեն չի կարողանում փրկել» :
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:
Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:




Комментарии