Չորրորդ դարում, երբ Հայաստանից շատ մանուկներ դիմում էին Աթենք ուսում առնելու, այդ քաղաքի ետ ընկած փողոցներից մեկում, փոքրիկ խրճիթի մեջ, ապրում էր մի երիտասարդ։ Նա բնակվում էր խրճիթի ստորին ամենաանշուք սենյակներից մեկում, ուր օդի և լույսի պակասությունը տալիս էր նրան գերեզմանի նմանություն։ Ոչինչ կարասիք չկար այդ գետնափոր նկուղի մեջ, հարդով ծածկված էր նրա խոնավ հատակը և մի քանի հնամաշ կապերտներ ծառայում էին և՛ որպես անկողին, և՛ որպես սփռոց։ Պատուհաններում երևում էին մագաղաթյա գրչագրներ, կաշյա հաստ կազմերով։
Սենյակը նեղ էր։ Նրա անձկությունը ավելի անտանելի էր դառնում, որովհետև երիտասարդը մի ընկեր ևս ուներ։ Նրան կոչում էին Հեփեստիոն, իսկ ինքը կոչվում էր Պրոերեսիոս։
Քաղաքի այն թաղը, ուր կենում էին երկու երիտասարդները, բնակեցրած էր այնպիսի աղքատ ժողովրդով, որոնք միայն օրեկան աշխատանքի, օրեկան հացի համար են մտածում, այդ պատճառով նրանց շատ չէր հետաքրքրում երիտասարդների մտավոր պարապմունքը, և չգիտեին անգամ, թե դրանք ինչով էին պարապում։
Միայն իրանց արտաքին կերպարանքով երիտասարդները գրավում էին հարևանների ուշադրությունը։ Պրոերեսիոսը ուժեղ էր, վայելչակազմ և դեմքով գեղեցիկ։ Նրա կենսագրությունը մեզ ավանդող Եվնաբիոսը ասում է, որ ութն ոտք բաըձրություն ուներ [ էջ ]և իր ժամանակի ամենաբարձրահասակ տղամարդերի մոտ դարձյալ կարող էր իբրև հսկա ներկայանալ։ Որի ընդհակառակն, Հեփեստիոնը միջակ հասակ ուներ, գունաթափ և հիվանդոտ դեմք։
Երկու երիտասարդները այն աստիճան սիրում էին միմյանց, որ նրանց մեջ բնակվում էր մեկ սիրտ, մեկ հոգի և մեկ կամք։ Չնայելով, որ նրանք երկու միմյանց հակառակ ազգությունների էին պատկանում, բայց գիտության գաղափարը եղբայրացրել էր նրանց։ Պրոերեսիոսը հայ էր, իսկ Հեփեստիոնը՝ հույն։ Երկուսն էլ ուսանողներ էին։
Պրոերեսիոսի հայկական անունը Պարույր էր. ես էլ այս անունով պիտի կոչեմ նրան։
Հոգով միացած լինելով, երկու ուսանողները միասին բաժանում էին և իրանց դառն աղքատությունը։ Բացի մի վերարկուից և պատմուճանից, երկուսն էլ դրսում հագնելու համար ուրիշ հագուստ չունեին։ Այդ վերարկուն և պատմուճանը հերթով հագնում էին նրանք, երբ մեկը գնում էր դասախոսություն լսելու, իսկ մյուսը ստիպված էր տանը մնալ։ Հարևանների ծիծաղին չափ չկար, երբ հերթը Հեփեստիոնին էր հասնում, երբ փոքրիկ Հեփեստիոնը, կոլոլված բարձրահասակ Պարույրի վերարկուի և պատմուճանի մեջ, շտապում էր դեպի ճեմարան։
Տան տիրուհին, որը մի բարի արհեստավորի կին էր, շատ գոհ չէր երիտասարդ ուսանողներից։ Այդ դժգոհությունը առաջ էր գալիս ոչ թե այն պատճառից, որ նրանք ամիսներով իրանց բնակարանի վարձը վճարել չէին կարողանում,— այլ առավելապես նրանից, որ շատ անգամ, գիշերները, նրանց ստորերկրյա նկուղից լսելի էին լինում օտարոտի ձայներ, որպես թե մեկր ոգևորված, բորբոքված ճառախոսում է, իսկ մյուսը նրան նույնքան բորբոքված կերպով նկատողություններ է անում, կամ հարցեր է առաջարկում։ Ճառախոսությունները երբեմն տևում էին ամբողջ գիշերներ, և մինչև լույս անընդհատ կերպով թնդեցնում էին մթին նկուղի անձուկ մթնոլորտը։ Սնահավատ տան տիրուհին նրանց խելագարների տեղ էր դնում, կարծում էր, թե ոգիների հետ են խոսում և միշտ տրտնջում էր, թե իր երեխաները վախենում են, և քնել չեն կարողանում։ Երիտասարդները թեև խոստանում էին, որ այլևս ձայն չեն բարձրացնի, բայց իրանց խոստմունքը կատարել չէին կարողանում։ Ոգևորությունը անզսպելի է։ Նրանք ճարտասանական մարզությունների ժամանակ միշտ մոռանում էին իրանց շրջապատը։ [ էջ ]Այսպես, պատերազմելով կյանքի և աղքատության հետ, երիտասարդ ուսանողները մի քանի տարիներ անցկացրին փիլիսոփայության և ճարտասանության մայրաքաղաքում, մինչև Պարույրը յուր զարմանալի հառաջադիմությամբ գրավեց իր վարժապետի, կապադովկացի Հուլիանոսի ուշադրությունը, որը տեսնում էր իր աշակերտի մեջ խիստ փայլուն ապագա։
Երբ Հուլիանոսը Աթենքից հեռացավ, շատերը աշխատում էին նրա ամբիոնր ժառանգել։ Առաջարկվեցան հինգ ընտրելիներ։ Մրցությունը սաստիկ էր. Աթենքը մի քանի կուսակցությունների էր բաժանված և յուրաքանչյուր կողմը աշխատում էր իր կանդիդատի ընտրությունը հաջողեցնել։ Ամենավատն այն էր, որ այդ ժամանակ հռոմեական կառավարությունը մտցրել էր գիտության ազատ տաճարի մեջ իր ճնշող և ամեն հառաջադիմություն ոչնչացնող ձեռքը։ Այդ պատճառով ավելի շատ ընդունելություն էին գտնում ոչ թե ճշմարիտ գիտնականները, այլ քսուները, կեղծավորները, որոնք շողոքորթում էին կառավարության հաճույքները։ Այդ կետից նայելով, արդարամիտ և անկաշառելի Պարույրի ընտրությունը բոլորովին անհուսալի էր։
Բայց Պարույրը կայսրության գավառներում և նահանգներում մեծ հռչակ ուներ։ Եվ որովհետև նահանգներից ևս բազմաթիվ մանուկներ էին ուղարկում Աթենք ուսանելու, այդ պատճառով նահանգներն ևս ձայնի իրավունք ունեին։ Արևելքի մեծ մասը ընտրում էր Եպիփանոսին, Արաբիան՝ Դիոփանտեսին, իսկ Պարույրի համար ձայն էին տալիս բոլոր Պոնտացիք և Բյութանիա, Հելլեսպոնտոս և Ասիայի այն մասը, որ Կարիայեն տարածվում է մինչև Լիդիա, Պամփյուլիա և Տավրոսի լեռներր։ Այդ կողմերում Պարույրը ընդարձակ ժողովրդականություն ուներ։ Հեփեստիոնը յուր ընկերի հետ մրցություն անել չկամեցավ, նա ասպարեզը թողեց Պարույրին և ինքը հեռացավ Աթենքից։ Պարույրի ընտրությունը հաջողվեցավ, և հայկազն հռետորը, իր տոկուն աշխատությամբ, մթին նկուղից բարձրացավ Աթենքի փիլիսոփայության և ճարտասանության ճեմարանի ամբիոնը։
Մեր հռետորը իր փառքի հետ ժառանգեց և բազմաթիվ նախանձորդներ։ Նրա թշնամի հռետորները ամենաանվայել հնարներով [ էջ ]աշխատում էին վնասել նրան։ Պարույրի զորավոր հանճարը և երկաթի հաստատամտությունը միայն կարող էր երկար ընդդիմադրել նրանց ցած դավադրություններին։ Բայց վերջը հակառակությունն այն աստիճան հասավ, որ նրան զրպարտեցին քաղաքական հանցանքների մեջ, և տեղային հռոմեական նահանգապետի հրամանով Պարույրը աքսորվեցավ Աթենքից։
Աքսորանքի դառնության հետ նա նորից սկսեց կրել աղքատության դառնությունը։ Բայց այդ վերջինին վաղուց ընտելացած էր նա։ Նրան տանջում էր միայն անգործության տաղտկությունը։ Նրան աքսորել էին Հոնիական ծովի համարյա անբնակ կղզիներից մեկի մեջ։
Երկար Պարույրը աքսորանքի մեջ նեղություններ էր կրում, մինչև Աթենքի նահանգապետը փոխվեցավ և նրա տեղը նորը նշանակվեցավ։ Այդ ժամանակ հռետորի բարեկամները աշխատեցին աքսորանքից նրան վերադարձնելու, որ և կարողացան հաջողացնել։
Պարույրը Աթենք վերադառնալով, իր բարեկամներից շատերին վախճանված գտավ։ Նրա զգայուն սրտին մեծ ցավ պատճառեց նրանցից երկուսի մահը. մեկը՝ նրա ընկեր Հեփեստիոնն էր, մյուսը՝ նրա բարեկամ Տուսկիանոսը։ Վերջինի կենսագրությունը գրող Սուտիասը «ամենազոր ճարտասան» է անվանում հանգուցյալին, իսկ մեր հայկազն հռետորի կենսագրությունը մեզ ավանդող Եվնաբիոսը ասում է՝ թե «Նա (Տուսկիանոսը) միայն արժան էր Պրոերեսիոս լինելու, եթե Պրոերեսիոսը ողջ չլիներ...»։
Պարույրը Աթենք գնալուց հետո, նրա թշնամիները նորից գրգռվեցան, նորից սկսեցին նրա դեմ որոգայթներ լարել։ Նոր նահանգապետը ստիպվեցավ հրապարակական հանդիսավոր ատյան կազմել և Պարույրին իր հակառակորդների հետ մրցության հրավիրել։ Հանդիսականները հավաքված էին և հակառակ կողմերը ներկա էին։ Մի կողմում Պարույրը, մյուս կողմում մի խումբ հռետորներ։ Մրցության թեման պետք է տար ինքը նահանգապետը, իսկ նրանք հանպատրաստից պետք է ճառախոսեին։ Պարույրի ախոյանները հրաժարվեցան, հայտնելով, թե իրանք առանց նախապատրաստության բան չեն խոսի։ Այդ ժամանակ նահանգապետը դիմեց դեպի հայկազն հռետորը, որը աներկյուղ ամբիոն բարձրացավ և առաջարկեց, որ յուր հակառակորդները ինչ թեմա որ ցանկանում են թող տան։ Նրանք էլ չարամտությամբ մի այնպիսի թեմա տվեցին, որ ոչ միայն անհարմար էր պերճախոսության, [ էջ ]այլ գրեթե անհնարին էր հանպատրաստից նրա վրա մի բան խոսել։
Բայց մեր հռետորը չվհատեցավ, նա միայն խնդրեց նշանագրողներին արձանագրել յուր ասածները, որ վերջը վիճաբանության տեղիք չմնա, թե ինքը բոլոր կետերին չէ պատասխանել, և խնդրեց հասարակությանը, որ ծափահարություններով չխանգարեն իրեն։
Ատենախոսությունը այն աստիճան սքանչելի և իմաստալից եղավ, որ ունկնդիրները, հափշտակված նրա ազդու պերճախոսությունից, բոլորովին մոռացան իրանց խոստմունքը, և ոգևորված բացականչություններով ու ծափահարությամբ թնդեցնում էին ամֆիթեատրոնի կամարները։
Նշանագրողները հազիվ կարողանում էին հասցնել նրա խոսքերի հոսանքի հետևից, որոնք առատաբուխ վտակի նման վազում էին նրա շրթունքներից։ Երբ վերջացրեց, հանդիսականները ավելի ոգևորված կեցցեներով բազմիցս ողջունում էին նրան։
Բայց Պարույրը իր զարմանալի սրամտության զորությունը ցույց տալու համար, խնդրեց հանդիսականներից, որ նորից կրկնե յուր ճառը, որպեսզի նշանագրողները համեմատեն իրանց գրվածի հետ, միգուցե մի բան թողած լինի։ Եվ նա սկսեց ամբողջ ճառը առաջին բառից մինչև վերջին բառը անփոփոխ նորից ասել։ Նշանագրողները ոչինչ տարբերություն չգտան, կարծես թե, շատ առաջուց սերտած լիներ այն բոլորը, ինչ որ հանպատրաստից խոսեց նա։
Պարույրը տարավ մրցանակը։ Բազմությունը խնդակցությամբ սեղմեց նրա ձեռքը, անվանելով նրան Հերմես— պերճախոսության աստված։ Նահանգապետը իր սեփական կառքով, զինվորական երաժշտությամբ և հանդիսավոր փառքով տարավ նրան մինչև բնակարանը։
Հայկազն հռետորը իր փառքի օրերը անց էր կացնում միևնույն բնակարանում, ուր անցուցել էր յուր ուսանողական կյանքի դառն աղքատությունը։ Առաջին և այժմյան կեցության մեջ այն զանազանությունը կար միայն, որ Աթենքի պերճախոսության աստվածը փոխանակ նույն խրճթի ստորին նկուղի մեջ ապրելու, այժմ կենում էր նրա վերին հարկում, մի փոքրիկ սենյակի մեջ։ Ապրուստի եղանակը մնացել էր նույնը.— նույն սպարտական խստակեցությունը, նույն չափավորությունը իր ամենապարզ վայելքներով թագավորում էր նրա անշուք բնակարանի մեջ։ Պատմական վերարկուն [ էջ ]և պատմուճանը, որը երբեմն հագնում էր ինքը և երբեմն նրա սիրելի ընկեր Հեփեստիոնը, պահվում էր այդ բնակարանում որպես մի թանկագին հիշատակ ուսանողական եղբայրության եռանդոտ և ամեն զոհողությունների համբերող կյանքի։ Այժմ նրա միամիտ տան տիրուհին այլևս դժգոհ չէր, այլևս չէր տրտնջում, բայց մի առանձին հպարտությամբ պարծենում էր իր հարևանների մոտ, որ իր տանը կենում է մի մեծ մարդ։
Նույն օրը, երբ Աթենքի այդ աղքատ թաղի փողոցները որոտում էին բազմության կեցցեներով, երբ Պարույրին հաղթական փառքով տանում էին դեպի իր բնակարանը, ամբոխի մեջ գտնվում էր և մի անծանոթ օտարական։ Նա բոլորովին աննկատելի մնաց խուռն բազմության մեջ, թեև նրա դեմքը, օտարոտի հագուստը բավական աչքի ընկնող էր։
Օրը անցավ, մութը պատեց, աղքատ թաղի փողոցները դատարկվեցան մարդիկներից։ Բայց օտարականը միայնակ դեռ թափառում էր այնտեղ։ Նա մի քանի անգամ մոտեցավ այն խրճթին, ուր բնակվում էր օրվա հերոսը։ Բայց նկատելով, որ դեռ նրա մոտ մարդիկ կան, ներս չմտավ։
Նա շարունակեց ման գալ, մինչև մարդիկը դուրս կգային։ Հարյուր անգամ անցուդարձ արեց փողոցի երկարությամբ և ամեն անգամ մոտենում էր դռանը, ականջը դնում էր նրա ճեղքին, և դարձյալ ձայներ էր լսում։
Օրը սկսել էր լուսանալ, գյուղացիները ավանակներով նպարներ էին տանում դեպի հրապարակը. այդ մարդը դեռ այն փողոցից չէր հեռացել։
Հետևյալ օրվա միջօրեի պահուն, մի նոր բազմություն ուրախաձայն աղաղակներով, դարձյալ դիմում էր դեպի հռետորի բնակարանը։ Օտարականը խառնվեցավ այդ բազմության հետ։— Էլ ի՞նչ կա,— հարցրեց նա մեկից։— Կայսրի հրովարտակն են տանում,— պատասխանեց նա։
Մի փառք մյուս փառքի հետևից։ Կոստանդ կայսրը կոչում էր հռետորին իր մոտ։
Օտարականը այդ լսելով, գլուխը շարժեց և հեռացավ։
Комментарии
Отправить комментарий