Զատկի տոնի խորհուրդը

Յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը Զատկի տոնի մասին:Ոմանց համար դա երկարատև պահքից հետո խորհրդանշում է հոգու մաքրություն, քանզի այդ ընթացքում միս օգտագործել չի կարելի, ոմանք նշում են բժշկական նշանակության մասին ,երեխաները այդ տոնը հիմնականում կապում են ձու ներկելու և «ձու «կռվացնելու» հետ, իսկ ամենատարածված կարծիքը վերաբերում էր Հիսուս Քրիստոսի հարությանը: 
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Այդ օրը մարդիկ պետք է իրար նվերներ տան, իսկ երեխաներին նվիրեն գրքեր, մատիտներ, զանազան խաղալիքներ:

Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Խոսելով Զատկի տոնի մասին `պետք է նաև իմանալ հենց բառի նշանակությունը: Այսպիսով, «Զատիկ» բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանության մեջ` որպես հունարեն «պասքա» կամ « «պասեք» բառին համարժեք: Պասեքը եբրայեցիների նվիրական տոներից մեկի անվանումն է, որ նշանակում է ելք: Պասեք տոնը` Զատիկը , եբրայեցիները տոնում են ի հիշատակ եգիպտական գերությունից դուրս գալու` և Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր իրենց ելքի: Ավանդությանը համաձայն ելքի նախընթաց գիշերը սատակիչ հրեշտակը Եգիպտոսով անցել է և « «սպանել» ամեն մի եգիպտացի ընտանիքի առաջնեկին, իսկ այն եբրայեցիների, որոնք նախօրոք իրենց դռան շեմին քսել էին զոհաբերված գառան արյուն, ազատվել են այդ ոճրագործությունից : Նշանը տեսնելով` սատակիչ հրեշտակը նրանց ձեռք չի տվել: Պասեքի նախօրեին` Նիսան ամսվա 14-ի երեկոյան, եբրայեցիները զենում են պասեքի (Զատիկի) գառը և հրաժարվում խմոր հացից, իսկ հաջորդ օրվանից` Նիսանի 15-ից, Պասեքի տոնն է, որ կոչվում է նաև «բաղարջկերաց օրեր» և տևում է 7 օր:
Քրիստոնեության տարածման և որպես պետական կրոնի ընդունման առաջին շրջանում քրիստոնյաները նույնպես Զատկի տոնակատարությունները նշել են հրեաների Պասեքի օրը: Սակայն, 325թ. Նիկեայի առաջին Տիեզերաժողովում որոշվեց Զատիկը տոնել գարանան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման, այսինքն` լիալուսնի առաջին կիրակին: Այդ ժամանակներից ի վեր Զատիկը շարժական տոն է դարձել և տոնվում է մարտի 21-ից ապրիլի 25-ը:


Комментарии