Ռուբեն Սեվակ

Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (փետրվարի 151885 թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ) –օգոստոսի 261915), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ Ռուբեն  Սևակը 1901-1905 թթ. սովորել է Կ. Պոլսի Պեր­պե­րյան վար­ժա­րա­նում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ։ Գիտության նկատմամբ սեր և հակումներ ունենալու շնորհիվ, Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնել է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու։
1905-1911/1912 թ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրան­սե­րե­նին։
Մի օր Լոզանի օրիորդաց վարժարանի մոտով անցնելիս պատահաբար տեսել է այդ վարժարանի սան, պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից սերած գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) ու նրա գեղեցկությամբ հրապուրվել։ Յաննիի հետ Ռուբենին ծանոթացրել է վերջինիս ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ 1910 թ. Փարիզում / Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ։ 1911-1914 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ 1912 թ. Լոզանում ծնվել է որդին՝ Լևոնը, իսկ 1914 թ. Կ. Պոլսում՝ դուստրը՝ Շամիրամը։ Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ անդամ։
1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուր­հան­դակ», «Ազ­դակ», «Շանթ», «Հայ գրա­կա­նու­թիւն», «Ազա­տա­մարտ», Վենետիկի Մխիթարյանների«Գեղունի», «Բազ­մա­վէպ», ինչպես նաև այլ պարբերականներում։
Կրել է Ռուբեն Սևակ գրական ծածկանունը։
1914 թ. կնոջ հետ վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։
1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլս ում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։
Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլն հեղինակ է։

Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ ՉոպանյանիԱնդրանիկ ՕզանյանիՓարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։
Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըում բուժել է թուրք ավազակապետ (չեթեջի) Արաբաջի Իսմայի աղջկան։ Իսմայիլը նրան հորդորել էր իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց։ Չանղըրըի չերքեզ փոխ կառավարիչը, որ նրա բարեկամն էր, անզոր պատասխանել է, «Ես չեմ կրնար Պոլ­սէն եկած հրա­ման մը չգոր­ծադ­րել»։ Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործ նախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը։ Բոլորն էլ՝ ապարդյուն։
1915 թ. օգոստոսի 12 (25)-ին հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում։ 1915 թ. օգոստոսի 13-ին՝ 30 տարեկանում՝  իր 4 բախտակից ընկերների հետ, թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով:


 Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…


Комментарии