Հրանտ Մաթևոսյան
Հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին Լոռիում` Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։
Ավելի ուշ Մոսկվայում ավարտել է բարձրագույն սցենարական դասընթացներ։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունն սկսել է 60-ական թվականներից։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժել են: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։
Ընթերցողների շրջանում ակնարկը շատ լավ է ընդունվել։ Մաթևոսյանի հետագա ստեղծագործությունը պետք է առնչվեր գյուղին։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվում էին գյուղական կյանքի պատկերների միջոցով:
1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Մաթևոսյանը գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում:
«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան: Այստեղ շեշտված է բողոքն այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում՝ «Աշնան արև»-ը վիպակում։
Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը «Տերը» վիպակն է, որի հերոսը ևս գյուղացի է, գյուղի անտառապահը, ով կապված է իր գյուղին ու բնությանը և ցանակնում է, որպեսզի գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։
Անտառապահն իրեն տեր է համարում։ Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար միայն։ Բայց դրանք շատ են, իսկ Ռոստոմը՝ տերը, միայնակ։
Նոր էր նաև Մաթևոսյանի ոճը։ Դա մեզ ծանոթ, հանգիստ պատումը չէր. ինչ-որ մեկը կարծես լարված խոսում է՝ հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով։
Այս ձևով է Մաթևոսյանն արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը։ Մաթևոսյանը շատ էր սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսից. նա, իսկապես, 20-րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
Комментарии
Отправить комментарий