Վիլյամ Սարոյան Առաջին օրը դպրոցում
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:
Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:
- Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:
- Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:
- Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:
Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:
- Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:
- Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:
- Իսկ դու գնացե՞լ ես:
- Չէ:
- Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:
- Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:
Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:
- Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: - Էլ չեմ սիրում:
- Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:
- Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: - Ինչո՞ւ:
Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
- Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: - Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:
- Չեմ ուզում,- ասաց Ջիմը:
- Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:
- Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:
Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:
- Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:
- Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: - Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:
- Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:
- Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: - Պարզապես Ջիմ:
- Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: - Իսկ երկրորդ անուն ունի՞:
- Ոչ,- ասաց Էմին: - Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:
- Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: - Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:
- Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:
- Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:
Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:
Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:
Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:
Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:
Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.
- Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:
Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:
- Ծամոն,- ասաց Հաննան:
- Գցիր աղբարկղը:
- Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:
Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.
- Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:
- Ծամոն,- ասաց Էրնըստը:
Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:
Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:
Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:
Ջիմն ասաց.
- Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:
- Վեց:
- Երեսիդ մուր քսվեց:
Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:
- Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:
- Վեց,- ասաց հայրը:
- Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:
Առավոտյան նա հորից հինգ սենթ խնդրեց:
- Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:
- Ծամոնի համար,- ասաց տղան:
Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:
- Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:
- Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:
Ջիմը մտածեց ու ասաց.
- Այո:
- Դու ինձ սիրո՞ւմ ես:
- Սիրում եմ,- ասաց Ջիմը: - Իսկ դո՞ւ ինձ:
- Այո,- ասաց տնտեսուհին: - Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:
Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:
- Չգիտեմ,- ասաց նա:
- Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:
- Չէ, չենք երգում:
- Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:
- Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:
Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:
Միսս Բիննին ասաց.
- Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:
«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.
- Ծամոն:
Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:
Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:
- Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:
- Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:
- Ծամոն,- ասաց նա:
Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:
Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:
Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:
- Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:
Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:
- Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:
Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:
- Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:
- Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:
Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:
Նա ասաց.
- Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:
- Չգիտեմ,- ասաց հայրը: - Ի՞նչ է:
- Ավազակ,- ասաց տղան:
Տնտեսուհին հիացած էր:
- Ավազակ,- ասաց Ջիմը: - Տուտտի-ֆրուտտի:
- Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:
- Ծամոն,- ասաց Ջիմը: - Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:
- Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:
- Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:
- Օ՜,- ասաց հայրը:
Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:
- Հում փղի միս,- բարձրաձայն ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:
Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:
Комментарии
Отправить комментарий