Մեսրոպ Մաշտոցի մասին

                       Մեսրոպ Մաշտոցին

Որ մեր լեզուն,մեր երկիրը և մեր հոգին հայկական
Աշխարհային հողմերի դեմ կանգուն մնար մշտական,
Ստեղծեցիր մեր գրերը, մեր սրերը փրկության:
Այդ գրերով մեր ոսկեբառ մատյանները գրվեցին,
Մեր երգերը թևեր առած աշխարհով մեկ ցրվեցին:
                                                   
                                                  Խաչիկ Դաշտենց

                       Մեսրոպ Մաշտոցին

Ով մեծագործ  Մեսրոպ Մաշտոց
Մեր առաջին  բացված դպրոց,
Ամեն գիրդ՝ անշեջ  ճրագ,
Մեզ հայ պահող անմար կրակ:
Մեր առաջին լեզվի տաճար,
Լուսապայծառ հայոց հանճար:
Դու մեր Մեծ Պապ՝  Հացիկ գյուղից,
Մշո դաշտի քաղցրիկ հողից:
Շրթունքներով մեր մանկական՝
Քեզ հազար փառք հավերժական:

                                                      Խաչիկ Դաշտենց

                                      ***
Աստվածընծա տաճարի հետ թե ամրոցը չլիներ,
Թե ամրոցի ամրոց՝ գրոցն ու բրոցը չլիներ,
Դեռ էն  գլխից կցամաքեր՝ Սևանն ու Վանն էլ վրան,
Մաշտոցն ինքն էլ չէր հավերժի,թե Մաշտոցը չլիներ...

                                       ***
Ի սեր երգիս անմահության՝  Մաշտոց այր էր հարկավոր,
Ի սեր ազգի՝ Վարդանի պես զոհվող այր էր հարկավոր,
Սփյուռքներում, աշխարհով մեկ հայոց լեզվի փրկության,
Ամենօրյա հազար ու մեկ Ավարայր էր հարկավոր:

                                                   Հովհ. Շիրազ

Պատյան չունի՝ Թուր – կեծակի հայոց լեզուն այբբենաթուր...
 Մի այնպիսի զորք ծնեցիր, որ ոչ մի պահ չի տրոհվում,
 Ոչ մի զինվորդ չի զոհվում ...
 Ամեն տառդ հայ ազգապահ մի զինվոր է անմեռական,
Ամեն բառդ՝ հայոց մի գունդ , այբուբենդ ՝ բանակն Հայկյան ...
 Ո՛վ դու՝ անզույգ մեր զորավար, արյուն չկա քո նիզակին
 Ո՛վ ուսուցիչ, ո՛վ ազգապահ, ով զորավար Այբբենաթուր...
 Այն դարերում, երբ յոթնացեղ ասորիքներ անհետ կորան,
Դու չթողիր հայը կորչի, ո՛վ աստըծո այբբենարան ...
                                                 
                                                    Հովհ. Շիրազ


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
ՆԵՐԲՈՂ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՆ
Դու` սեր առաջին, առաջին մորմոք, արաջին աղոթք,
Որ տառապանքով փոխվեցիր բառի ու դարձար լեզու…
Ու երբ «Հայրենիք» անունը տվինք հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ…
Եվ դու դարեդար մեզ շնորհեցիր կանչը քո արյան,
Համը քո հացի, եռքը քո գինու, ցոլքը քո հրի,
Տվիր պղնձե այս քարափների կռինևչը վայրագ
Ու քնքշությունը լացող մամուռի:
Մեզ նավասարդյան առավոտների լույսով օծեցիր
Եվ մկրտեցիր առասպելների ուժ ու զորությամբ,
Աստվածների հետ քո աստվածային լեզվով խոսեցիր,
Ոսոխների հետ` որոտով քո բամբ…
Ու մենք դարձրինք քեզ երդում, ոգի, դարձրինք աստված,
Թեև գիտեինք, որ աստվածները գոհ են պահանջում,
Եվ Ավարայրում ընկանք արնաքամ, ընկանք ծվատված,
Բայց չզիճեցինք և ոչ մի հնչյուն…
Եվ հիմա, հիմա անթեղի նման քեզ պիտի տանենք,
Քեզ պիտի տանենք իբրև հրդեհից ազատվաց մանկան,
Հողմերից փրկվաց կանթեղի նման քեզ պիտի տանենք
Եվ տանենք իբրև երդում ու պատգամ…
Եվ տանենք պիտի իբրև առաջին հավատ ու աղոթք,
Եվ տանենք պիտի իբրև սրբազան հաց, գինի ու հուր…
Եվ հիշենք, որ երբ «Հայրենիք» ասինք հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ:ՄԱՇՏՈՑ

      Մեսրոպ Մաշտոց
Երախտապա՜րտ ենք, Մեսրոպ Մաշտոց,
Տառերի համար քո ստեղծած:
Դրանով փրկվե՛ց ազգը հայոց,
Եվ այդ տառերով հայը մնա՛ց:

Բայց ահա ոմանք նույն տառերով
Զրպարտությո՜ւն են գրում հիմա:
Եվ վախենում եմ, որ դրանով
Հայ համարվողը հայ չմնա:

Բայց դու քանի կա՛ս՝ նա կմնա՛:


                             Համո Սահյան
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։
Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,
Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…
Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,
Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։
Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։
Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝
Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ
Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։
Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,
Եվ զրահ ես եղել և զորավիգ,
Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,
Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։
Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,
Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ,
Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս,
Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։
Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ,
Ճախարակի թելն ես մերթ ոլորել,
Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ,
Անտունիներ անտուն և հորովել...
Մաքրությունն ես առել արեգական շողի,
Լուսավորել ես մեր վերելքն անվերջ,
Արձագանքն ես եղել մեր մարտական փողի
Ավարայրից մինչև Թաման ու Կերչ։
Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում
Շրթունքների վրա իմ սերնդի,
Եղբայրական բոլոր լեզուների երթում
Սրտի խոսքն ես խոսում հողագնդի։
Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,
Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,
Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,
էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։
Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,
Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,
Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի
Հավիտենից ի վեր և առհավետ:

Հովհաննես Շիրազ

ՀԱՅՈՑ ՀՐԱՇՔԸ
Որդիս, գիտե՞ս ինչից է, որ
Այս էլ դարեր հազարավոր
Հայոց ազգի ծունկը ծալվեց,
Հույսի վերջին խունկը հալվեց,
Ծունկը ծալվեց,
Մեջքը փլվեց,
Մեջքը փլվեց,
Հողը խլվեց,
Ցրվեց ազգը, բայց չձուլվեց
Ոչ մեկի մեջ այն ազգերի,
Որոնց դարեր մնաց գերի,
Ինչպես իր լեռ
Մասիսն է դեռ...
_ Ցրվեց դարեր, դարեր հալվեց,
Դարեր հալվեց,
Բայց չձուլվեց,
Երբ յոթ ազգերն իսլամազուն
Մեր ազգն իրենց ճանկերն առել`
Հայոց կրոնն ու հայ լեզուն
Ձուլող դժոխք էին դառել:
Բայց ո՞վ պահեց
Հայ ազգը մեծ, _
Հայը...սակայն ի՞նչ հրաշքով,
Աստվածայի՞ն, թ՞ե հայ ձեռքով:
Ո՞վ ստեղծեց գրերն հայոց`
Մեզ հայ պահող թրերն հայոց:
Փառք հայ գրերն ստեղծողին,
Հայ ազգն հավերժ հայ պահողին...





Комментарии