Հրանտ Մաթևոսյան -Աշնան արև




                                        / հատված/
Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երևան հասնելու համար պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր:
– Մեր գյուղը, խնամի ջան, հեռո՜ւ, հեռու...
– Էնպես էս ասում հեռու, կարծես Հայաստանից դուրս է:
– Հայաստանից դուրս է, աշխարհից էլ դուրս է:
Այնտեղ օրերով ու տարիներով բազեն անում է նույն շրջանը գյուղի ու հավերի գլխին, բլուրների արանքից կարկուտը փախս է ընկնում` ջարդելու արտ ու լոր, քամին շպրտում է փեթակների տանիքները և փեթակների մեջ անձրև է լցվում, ձին բերելու գնացած երեխան ձորի այս լանջին մոլորվում է, մյուս լանջին կանգնել է թաց ձին, իսկ ձորը լցվել է սև հեղեղի վշշոցով, հարյուր տարի է` ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում ու չի փլվում, և մարդ չգիտի` տունը ժայռատակի տափարակի՞ն սարքի, թե Սիմոնի տնից վերև, բացատի եզրին: Իսկ եթե ոչ այնտեղ, ոչ էլ այնտեղ, այլ, հազիվ առիթ է, չեղած բեռները կապի ու քոչի Երևա՞ն: Սիմոնի գործերը լավ դասավորվեցին, Երևան տղա ունի, իսկ շոգերից փախչելու հարցն էլ` Ծմակուտը քեզ պատրաստի ամառանոց: Աղունը նպատակին հասավ. հարս գալու օրից` քաղաք, քաղաք, քաղաք, ուզածն էլ ընդամենը Մանացի պես մի բան էր, իսկ ահա քսանհինգ տարեկան տղա ունի Երևանի պես տեղը:
– Սերո՜:
Փառանձեմին պարտք մնաց երեսուն ձու: Էն անգամ որդին ասաց. «Ձուն տասը կոպեկ է, շուկան քթներիս տակ է»: Չի հասկանում, քեռուն է քաշել, երբեք էլ լավ չի ապրի, փող հաշվել չգիտի, բուռ-բուռ ստանում է, բուռ-բուռ էլ ծախսում: Նրա կինը պիտի տնտես լինի:
– Սերո, հինգ հարյուր ձուն տասը կոպեկով ինչքա՞ն փող է անում:
– Որ ինձ հետդ չես տանում` ես էլ չեմ ասի:
– Թվաբանությունդ սովորեցի՞ր: Էդ ի՞նչ էս կարդում:
– Որ ինձ հետդ չես տանում` քո գործը չի:
– Մի թղթի վրա գրիր երեսուն ձու Փառանձեմին:
– Որ ինձ հետդ չես տանում` ես էլ չեմ գրի:
– Վեր թռիր տեղիցդ... Գնա տես էն ձին արածո՞ւմ է, թե խճճվել է: Թվաբանությունից որդին էլ թույլ էր: Քննության էր գնալու, փայտ էր ջարդում, ոտքը կտրեց: Խոր չէր կտրել, բայց որ քննության էր գնալու` լաց եղավ. «ցավում է, ցավում է, ցավում է»: Սիրանույշն ասաց` «Աղավնի, տուժած կին ես, նշանակում եմ, բայց առանց թվաբանության երեխադ ապագա չի ունենա»: Ինքն ասաց` «Եթե Վանքերի կողմին է քաշել` չի կորչի, իսկ եթե, Սիրանույշ ջան, ծմակուտեցի է` թեկուզ հանրահաշվից էլ ուժեղ լինի»: Սիրանույշը տեսնես կարդո՞ւմ է նրա հոդվածները: Վազգենը կարդում է ու չի հավանում. «Եթե գրեմ, ես նրանից լավ կգրեմ»: Փսփսան, թանաք էլ ունենք, գրիչ էլ, գրի...
– Սերո:
– Ի՞նչ է:
– Պրոֆեսոր Սերո ջան, գրեցի՞ր երեսուն ձու Փառանձեմին:
– Որ ինձ հետդ չես տանում` ես պրոֆեսոր չեմ:
– Ես էլ եմ ասում: Հարյուր ձու, հիսուն էլ` հարյուր հիսո՞ւն ձու:
– Դու ի՞նչ ես ասում:
– Ասում եմ` դու ոչխարած Սերոն ես:– Երբ ութերորդ դասարանում էլ հանրահաշվից կտրվեց, Սիմոնն ասաց. «Կարգին աշխօր ու փող է գալիս, բեր, այ կնիկ, թող գնա գառնարած»: Թող գնա գառնարած... Կռիվ չկա, կամք չկա, լավ ապրելու ցանկություն չկա, կարտոլ է` կարտոլ էլ կեր:– Վեր կաց... Ես Արմենակ եմ բանեցրել... Մի հին գիրք գտիր, թուղթը պրծավ:
Երեխան գնաց կանգնեց պահարանի դեմ, նայեց, հետո գնաց աթոռ բերելու:
– Էդտեղ անպետք գիրք չկա, բարձրացիր վերև:
– Որ ինձ չես տանում` ես էլ ձվերը կջարդեմ:
– Չէ՜չէ...
– Կջարդեմ:
– Ուրիշ լավ բան կարո՞ղ ես:
– Որ ինձ չես տանո՜ւմ...
Արտաշը կոլխոզը կողոպտեց, կողոպտեց, իսկ տղայի բաժինքը մի գորգ էր ու մի անկողին: Բարձին ձեռք էիր տալիս` ինչպես փետել էնպես էլ աստառի մեջ էր լցրել նրա փնթին:
– Դե լավ, Սերոյին հետս տարա, հետո՞. կովն եկավ` հորթը չեկավ. հերդ հանդից եկավ` տանը կրակ չկա, ջուր չկա... Հերդ էլ սովա՜ծ սոված, ծարա՜վ ծարավ... Խոզը հանդից չեկավ, ուրուրը հավերը տարավ, Մուրադենց Ռխաբացը հանդ գնալիս տանձենուն փետը քաշեց. հավերը ձու ածին, ձուն վերցնող չեղավ` կատուն կերավ... Երևանից եկանք տեսանք տուն չի, գոմ է – լա՞վ է...
– Իմ ի՞նչ գործն է:
– Էս տանը ինչ որ կա` քոնն է, տունն էլ հետը, ես ու քո հերն էլ քո ճորտերն ենք, այսինքն` քո ծառաները:
– Պետք չեք:
– Ախպերդ էլ էր ասում: Իսկ հիմա տես, նրա համար մի ձմեռվա ուտելիք է ուղարկում նրա Սերոն: Գիտե՞ս ինչու է ուղարկում... Փաթաթիր, ասում եմ. ուղարկում է, որպեսզի համալսարանի ժամանակը գա թե չէ` իր Սերոյին համալսարան ընդունի... Այ, էսպես մեկմեկ փաթաթիր, դիր էստեղ:– Հարսը տեսնես ինչ ցեղ է լինելու. ֆշշան օձի մի տեսակ կա, շեք է անում մարդի վրա` «էս մարդը իմն է». էդ մարդուն մայր չի ծնել, հենց էդպես պատրաստ եղել է: Փնթիների մի տեսակ կա – դու բեր, դու բեր, դու բեր` տունդ դատարկ է: Շեկ լիներ, բարձր լիներ, երկար ծանր մազ ունենար, ծներ առողջ երեխաներ...– Էգուց էն ճաշը կտաքացնեք, էգուց չէ մյուս օրվա ճաշը Նազիկը կգա կեփի, չթողնես յուղը շատ գցի: Էգուց չէ մյուս օրը հերդ որ գործից գա, կասես «այ հեր, ամեն օր պետակա՜ն, պետական, ուրիշներն իրենց խոտերը բերել են, մեր խոտը մնաց սարում, բա որ ձյուն դրեց, դժվար կլինի, չէ՞, այ հեր»: Էն ռադիոյի ձենը գնա բարձրացրու, լավ երգ է երգում: Ամբողջ կյանքում մի երգող տղա ուզեցի` խուլ ծնվեցիք:
– Ախպերը բա լավ չի երգո՞ւմ:
– Ախպերը... ախպոր ցավը տանեմ: Երգում էլ է, գրում էլ է, ծիծաղում էլ է, լավ-լավ ընկերներ էլ ունի... Ուֆ, մեջքս... Կմեծանաս, կգնաս անասնաբուժական համալսարան, կդառնաս անասնաբույժ, ճի՞շտ է, Սերո ջան, կդառնաս անասնաբույժ, և փաթաթիր և լսիր, կգաս գյուղ: Դու քաղաքում տուն կունենաս, ախպերդ գյուղում. ես էլ կլինեմ ձեր մայրը, կնստեմ մի լավ կհանգստանամ... ձեր հայրն էլ ձեզ համար մեղու կպահի: Իսկ եթե ձեր մայրը չլինի` չմոռանաք, կգաք կասեք գերեզմանիս. այ մեր, մենք էն ենք, ինչ որ դու ուզում էիր: Կլսե՜մ: Գրեցի՞ր Փառանձեմին երեսուն ձու: Հողի տակ հանգիստ չունենա քո պապ Իշխանը. աշխարհը լիքը տղա` գնա, Աղունիկ, Սիմոնից մարդ սարքիր, գոմից տուն սարքիր, Արմենակից Արմենակ սարքիր... Սարքիր, սարքիր, հետո էլ արդեն ոչ առողջություն կա, ոչ էլ խնդալու սիրտ: Ուրիշները պալատից պալատ գնան, ինձ համար աստված Ծմակուտն էր սահմանել ու Ծմակուտ` Սիմոնին: Ծաղիկ ես, ամեն գարնան ծաղկելու ես: Կգաս, Սերո ջան, կկանգնես գերեզմանիս գլխին. «այ մեր, Արմենակը լավ է, ես լավ եմ, քո գծած ճանապարհով գնացինք»:

Комментарии