Խաչվերաց տոն


Տոներ


Սեպտեմբերի 11, 2016թ.

Խաչվերաց

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:
Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը,«դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:
Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
 Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվումէ հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Խաչի քարոզությամբ էր, որ առաքյալները հաստատեցին քրիստոնեական Եկեղեցին, և Խաչի քարոզությամբ է մինչ այսօր եկեղեցին կենդանի: Հիսուս Քրիստոսը Գողգոթայի վրա խաչվեց`սկիզբ դնելով մեղավոր մարդկության փրկագործությանը: Մովսիսական օրենքի համաձայն` մարդը մեղքից մաքրվելու համար պետք է զոհ մատուցեր: Այդ իսկ խորհրդով Հիսուս Քրիստոսը` որպես Աստծու Գառ, մարդկության փոխարեն զոհվեց Խաչի վրա` մեզ ազատագրելով մեղքի մահվան իշխանությունից: Այս առումով էլ Խաչն Աստծու զորությունը դարձավ փրկվածների համար: Գողգոթայի Խաչով սկսված փրկագործությունը նույն խաչով էլ պիտի ավարտվի աշխարհի վերջում, երբ Տիրոջ նշանը` Խաչը, վերջին անգամ երևա, և տեսնեն Մարդու Որդուն, ով գալու է զորությամբ և բազում փառքով (Մատթ. ԻԴ 30): Սկսած առաքելական ժամանակաշրջանից` Քրիստոսի Խաչը` որպես հարգանքի և երկրպագության սրբազան առարկա, կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքում: Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները`Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն հաստատաված է Խաչի`գերությունից դեպի Երուսաղեմ վերադարձի պատմական դեպքը պանծացնելու և միաժամանակ Խաչի զորությունը ներբողելու համար: 610թ. Իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա: Պարսկական զորքերը, Խոռեմ զորավարի գլխավորությամբ 614թ. մտնում են Երուսաղեմ, շատերը սրի են քաշվում, շատերն էլ` գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Պարսիկները մտնում են Սուրբ Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Սուրբ Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը: Սակայն Տիրոջ Խաչը, հայտնվելով Պարսկաստանում, ինչպես հինկտակարանյան Ուխտի Տապանակը` փղշտացիների ձեռքում, մեծ փառքի է արժանանում: Տեղաբնակները Տիրոջ Խաչին վերաբերվում են մեծ երկյուղով` ասելով, որ քրիստոնյաների Աստվածն իրենց մոտ է եկել: Շատերն ահից դիմում են տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը` քրիստոնեություն ընդունում: Այնուհետև հունաց Հերակլ կայսրը Խաչափայտը վերադարձնելու համար պատերազմի է դուրս գալիս Խոսրով արքայի դեմ: Նրան օժանդակում է նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Սակայն Խոսրովը շարունակում է հաղթանակներ տանել: Հերակլ կայսրը երեք օր շարունակ աղոթում է Աստծուն` բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նրան տեսիլքով հայտնվում է, որ հաղթելու է: Իսկապես, նոր ճակատամարտում նա հաղթում և ազատագրում է Տերունական Խաչափայտը: Խաչը Պարսկաստանից հանդիսավոր փոխադրվում է Հայոց Կարին քաղաքը: Այդ պատճառով է, որ Կարնո դաշտի հարավ-արևելյան կողմի լեռների մեծ գագաթը Խաչափայտ է կոչվում: Պարսիկները փորձում են հետ վերցնել Խաչը, սակայն հայերը հետ են մղում նրանց և վերադառնալով տեսնում, որ այնտեղից, ուր Խաչն էր դրված, վճիտ աղբյուր է բխում: Կարինից Խաչափայտը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ապա` Երուսաաղեմ:
Խաչվերացի խորհուրդը
Խաչվերաց բառը նշանակում է Խաչի բարձրացում: Խաչվերացն ունի Քրիստոսի Եկեղեցու անպարտելիության խորհուրդը, Եկեղեցի, որին «դժոխքի դռները չպիտի հաղթահարեն»: Ուրեմն հիշենք, որ Խաչը քրիստոնյաներիս շնորհված չբթացող զենք է` սրբված Տիրոջ անապական արյամբ, մեր հույսն ու ապավենը: Այս խորհրդով էլ, երբ մենք խաչակնքում ենք, զորանում ենք Քրիստոսով և նրա զորության կարողությամբ, որպեսզի, Աստծու սպառազինությամբ զինվելով, կարողանանք ընդդիմանալ սատանայի հնարքներին, «որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ այս խավարի իշխանությունների, պետությունների, աշխարհակալների և երկնքի տակ եղող չար ոգիների հետ»:

Комментарии