Սուրբ թարգմանիչ վարդապետներ

Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի գավառի Հացեկաց գյուղում: Կրթություն ստանալով Հայաստանում՝ նա քաջ գիտեր հունարեն, պարսկերեն, ասորերեն, վրացերեն: Միառժամանակ արքունիքի ատենադպիրը լինելուց հետո նա անցավ զինվորական ծառայության, որը թողնելով 394 թ.՝ դարձավ վանական:
Քարոզելով Հայաստանի տարբեր շրջաններում՝ Մեսրոպը խորապես գիտակցեց իր ժողովրդին սպառնացող վտանգը երկրում տիրող օտար ազդեցությունների հետևանքով և վճռեց ստեղծել հայոց գրերը: Այդ նպատակով Սահակ Պարթև կաթողիկոսի և Վռամշապուհ թագավորի (389-414) աջակցությամբ նա ուղևորվեց Ասորիք:
Մեսրոպը բազում նեղություններից և ապարդյուն ջանքերից հետո, 406 թ., աղոթքի պահին տեսիլքով ի վերուստ ստացավ հայերենի հնչյունային համակարգին լիովին համապատասխանող 36 նշանագրերի պատկերները: Վերադառնալով հայրենիք՝ նա անմիջապես հայրապետի հետ ձեռնամուխ եղավ հայ դպրության տարածմանը. բացեց դպրոցներ, եկեղեցական արարողությունները հայացնելու նպատակով կազմեց Պատարագամատույցի և Ժամագրքի նախնական տարբերակները, սկսեց Սուրբ Գրքի թարգմանությունը, գրեց քարոզներ, ճառեր, ուղերձներ, ինչպես նաև հորինեց ապաշխարության երգեր:
Ս. Մովսես Խորենացու վկայությամբ՝ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք տեղ չգտան ս. Մեսրոպի կյանքում: Նա հրեշտակի տեսք ուներ, բեղուն միտք, պայծառ էր խոսքով և ժուժկալ՝ կենցաղով:
Ս. Մեսրոպը վախճանվեց ս. Սահակ Պարթևի մահից 6 ամիս անց: Այն տան վրա, որտեղ սուրբն ավանդեց հոգին, խաչակերպ լույս էր շողում, որը տեսնելով՝ շատ անհավատներ դարձի եկան ու մկրտվեցին: Նույն լուսեղեն խաչը, ի տես ողջ ժողովրդի, ուղեկցում էր նրան իր դագաղի վրա՝ մինչև երանելուն հանձնեցին հողին:

Սուրբ Եղիշե

Հայ մեծ պատմիչը և վարդապետը, ավանդության համաձայն, ս. Սահակ Պարթևի և ս. Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից էր: 434-441 թթ. նա ուսանել է Ալեքսանդրիայում: Հայրենիք վերադառնալով՝ ծառայության է անցել ս. Վարդան Մամիկոնյանի մոտ որպես զորական և դպրապետ: 450-451 թթ. մասնակցել է Վարդանանց պատերազմին, որից հետո թողել է զինվորությունը, հեռացել աշխարհից և դարձել մենակյաց:
Մոկաց լեռներում Եղիշեն ապրում էր ճգնությամբ, պահքով ու աղոթքով, և Աստված նրան բժշկության շնորհ տվեց: Ավանդությունը պատմում է, որ սրբի մարմինը գտնվել է մահից շատ ժամանակ անց՝ անապական վիճակում:
Ս. Եղիշեն թողել է իր ճգնության տարիներին գրած «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը, որը մեծ արժեք ունի իբրև կարևորագույն պատմագիտական սկզբնաղբյուր, ինչպես նաև՝ բազմաթիվ դավանաբանական և մեկնողական երկեր, որոնցից նշանավոր է «Արարածոց մեկնությունը»:

Սուրբ Մովսես Քերթող

Հայ մեծ պատմիչ ս. Մովսես Խորենացին, որին հետագա դարերում իրավամբ կոչել են Պատմահայր և Քերթողահայր, ծնվել է Տարոնի գավառի Խորոնք գյուղում: Ըստ ինքնակենսագրական և որոշ ավանդված տվյալների՝ նա աշակերտել է ս. Մեսրոպ Մաշտոցին և ս. Սահակ Պարթևին, իսկ 434-435 թթ. մի խումբ երիտասարդների հետ մեկնել է Ալեքսանդրիա՝ ուսումը շարունակելու: Ժամանակի հունական մշակույթի այս կարևոր կենտրոնում Մովսեսը հմտացել է քերթողական արվեստի, ճարտասանության և քերականության մեջ, նաև՝ կատարելագործել հունարենի իր գիտելիքները:
Հայրենիք վերադառնալով իր ուսուցիչների մահից հետո (մոտ 440 թ.)՝ նա զբաղվել է թարգմանչությամբ, ինչպես նաև գրել է ինքնուրույն երկեր: Խորենացու գրչին են պատկանում եկեղեցական տոներին նվիրված բազմաթիվ շարականներ: Արդեն պատկառելի տարիքում նա Սահակ Բագրատունու խնդրանքով սկսել է գրել «Հայոց պատմություն» աշխատությունը, որը, լինելով հայ միջնադարյան մատենագրական հանճարի բարձրագույն դրսևորումը, մեր ժողովրդի հին պատմության կարևոր և համապարփակ աղբյուրն է:

Սուրբ Դավիթ Անհաղթ

Հայ մեծ իմաստասեր ս. Դավիթ Անհաղթը ծնվել է պատմական Հայաստանի Հարք գավառի Ներգին ավանում: Նա ս. Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր՝ Սուրբ Գրքի թարգմանիչների վերջին դասից: Սովորել է Ալեքսանդրիայում՝ ստանալով հելլենիստական կրթություն, և մեծ հռչակ է վայելել հույների մեջ:
Նրա մեծարժեք գրական ժառանգությունը, հատկապես «Սահմանք իմաստասիրության» երկը, որոշիչ դեր է ունեցել հայ միջնադարյան փիլիսոփայական գիտության կազմավորման գործում՝ շուրջ մեկ հազարամյակ լինելով բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա: Ըստ ավանդության՝ ս. Դավիթ Անհաղթը ստեղծել է նաև բազմաթիվ եկեղեցական երգեր:

Սուրբ Գրիգոր Նարեկացի

Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից մեկի՝ Գրիգոր Նարեկացու մասին փոքրաթիվ, սակայն հավաստի տեղեկություններ են պահպանվել:
Նա Խոսրով Անձևացու որդին է: Կրթությունը ստացել է իր ժամանակ հռչակված Նարեկավանքի դպրոցում, որի վանահայրն էր իր մոր հորեղբայրը՝ Անանիա Նարեկացին: Հետագայում Գրիգորը դարձավ այդ վանքի սյուներից մեկը: Մեզ են հասել նրա անվան հետ կապված մի քանի ավանդություններ, որոնք վկայում են Նարեկացու շնորհների և սրբակեցության մասին: Զուր չէ, որ տակավին կենդանության օրոք նրան կոչում էին հրեշտակ՝ մարմնի մեջ:
Ս. Գրիգորը գրել է ներբողներ, գանձեր ու տաղեր, Երգ երգոցի մեկնությունը, ինչպես նաև նոր շունչ և կյանք է հաղորդել հայ միջնադարյան երգարվեստին: Սակայն նրա գլուխգործոցը հռչակավոր «Մատյան ողբերգության» պոեմն է՝ «Նարեկը», որը սիրելի աղոթամատյան է յուրաքանչյուր հայ հավատացյալի համար: Այդ գրքի հետ կապված բազմաթիվ հրաշագործություններ են կատարվում մինչև օրս:

Սուրբ Ներսես Շնորհալի

Ս. Ներսեսը՝ Պահլավունիների տոհմի շառավիղը, ծնվել է Ծոփաց նահանգի Ծովք դղյակում: Հիմնավոր կրթություն ստանալով Կարմիր վանքի դպրոցում՝ 1166 թ. նա ձեռնադրվել է հայոց կաթողիկոս՝ հաջորդելով իր եղբորը՝ Գրիգոր III Վկայասերին, որի օգնականը և խորհրդատուն էր դրանից առաջ:
Կյանքի վերջին շրջանում հայրապետն ապրել է Հռոմկլա բերդաքաղաքում, որի անունով էլ նրան կոչել են Կլայեցի:
Ս. Ներսեսը, որն իրավամբ կրում է Շնորհալի մականունը, մեզ է ավանդել բազմաթիվ երկեր՝ թե՛ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և թե՛ չափածո (շարականներ, տաղեր, գանձեր, ներբողներ): Նրա անվան հետ է կապվում հանելուկի՝ իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը: Սուրբ հայրապետը նաև հմուտ երգահան էր՝ հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչը:

Комментарии