Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը` դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:
Նվիրեք միմյանց գրքեր ու արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին:
Դպրոցում ամեն տարի այս օրը աշակերտները միմյանց գրքեր են նվիրում: Նվեր գրքեր է ստանում նաև դպրոցի գրադարանը: Վերջերս գրադարանի ֆոնդը հարստացավ մի նոր և հետաքրքիր գրքով: Դա Վահե Պալատունու <<Հայկական ուխտագնացություն պատմության միջով>> Գրականության և արվեստի թանգարանի 2003թ. հրատարակած գիրքն էր: Գիրքը գրադարանին էր նվիրել դպրոցի շրջանավարտ
Հասմիկ Հախվերդյանը: Գիրքը նվիրված է հեղինակի հարազատների հիշատակին: Գրքի հեղինակ Վահե Պալատունին ամերիկահայ բարձր հայ մտավորական է, որը Մայր Հայրենիք ուխտի էր եկել: Նա հայրենիքի և ժողովրդի ճակատագրով մտահոգ Հայ և բարի ու համեստ Մարդ էր: Պալատունու գիրքը նրա ուխտագնացությունն է Հայաստանի սրբավայրերով, նրա ճամփորդությունն է հայրենի եղերական ու փառավոր պատմուրյան միջով՝ անցյալից դեպի ներկան:
Դրանից հետո նա խոստովանել է. <<Ես ավելի ուժեղ ու հստակ եմ գիտակցում իմ հայ լինելը>>:
Комментарии
Отправить комментарий