Վարդենիկ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Վարդենիս գետի ափին: Նախկինում գյուղի տարածքում հին բնակավայր է եղել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։ Գյուղը հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, իսկ 1770 թվականից անմարդաբնակ դարձել։ Այստեղ պահպանվել են 9-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Իշխանավանք» սրբատեղին (13-րդ դ.) և 13-17-րդ դդ. գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով։ 3 կմ դեպի հարավ 800 մ երկարությամբ «Ավերակներ» հսկայակերտ (կիկլոպյան) ամրոցն է, որի պատերի հաստությունը մոտ 3 մ է: Ամրոցից քիչ ներքև, գետի աջ ափին կան ժայռապատկերներ, հայտնաբերված Ս.Գ. Բարխուդարյանի կողմից, 1935 թ.:
Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել է Ալաշկերտից: Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր)։ 1863 թ. գյուղում բացվել է պետական ծխական դպրոց։ 1946 թ. դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր։Վարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրությամբ։ Գյուղի տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով։ Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հունվար ամսին՝ -30 աստիճան, իսկ ամենաբարձրը հուլիս, օգոստոս ամիսներին՝ +33 աստիճան։ Գյուղի միջով հոսում է Վարդենիս գետը, որը թափվում է Սևանա լիճ: Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ։ Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Комментарии
Отправить комментарий