Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա…
Պարույր Սևակ
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանում և աշխարհում միլիոնավոր հայեր, նաև բազմաթիվ այլազգիներ հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց Ցեղասպանությունը կամ Մեծ Եղեռնը Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1892-1923 թթ զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։
«Ցանկացած մեկը, ով անձամբ կծանոթանա փաստերի հետ, կհամոզվի, որ մարդկային լեզվի ուժը չի բավականացնի նկարագրելու այն, ինչն իրականում կատարվել ու կատարվում է և որ չափազանցումը, եթե մենք նույնիսկ հակված լինեինք դրան, մեր ուժերից վեր կլիներ… Դժբախտաբար, վայրի ցեղերը հայտնվեցին հայերի` հնագույն քրիստոնյա քաղաքակրթության և աշխարհի ամենախաղաղասեր, ամենաձեռնարկող և կշռադատող ազգի կողքին»: Վ. Գլադսոն
«Երիտթուրքերի ղեկավարները երազում էին կայսրության վերականգման իլուզիաների մասին : Թուրքերը, 2 դար լինելով քայքայվող ազգ, հանկարծ լկտիացան, սկսեցին արհամարհանքով նայել այն ազգերին, որոնցից շատ բան են սովորել և հորինեցին այդ նույն ազգերին ոչնչացնելու հրեշային մեթոդները»:
«Չնայած թուրքական կառավարության սահմանած գրաքննությանը` բազմաթիվ ամերիկացիներ՝ հատկապես միսիոներները, գալիս էին ինձ մոտ, ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին պատմում էին այն սարսափազդու տեսարանների մասին, որոնք նրանք տեսել ու վերապրել են: Նրանցից շատերը` թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, հիվանդագինորեն ստանում էին հոգեկան ցնցում: Նրանք ինձ բերում էին ամերիկացի կոնսուլների նամակները, որոնցում մանրակրկտորեն նկարագրվում էին մղձավանջային տեսարանները, որոնք անհնար է բառերով նկարագրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքը գերազանցել է իր սատանայական վատ կերպարը, որը դարերի ընթացքում լավ հայտնի է դարձել բոլորին»:
«Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց մասսայական սպանություններն ու խոշտանգումնրը, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի»:
Հենրի Մորգենթաուի
«Հայոց ցեղասպանության գաղտնիքները» գրքից
Հայ ազգը, խրոխտորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, համաշխարհային մշակույթում ունենալով իր արժեքավոր ներդրումները, անցել է բազմադարյա պատմության ճանապարհը ու հիմա հպարտորեն ողջ աշխարհին է ներկայանում որպես համաշխարհային քաղաքակրթության օրորոց: Դեյվիդ Լենգան
Հայը կմնա պահանջատեր, քանի դեռ չի պատժվել ու ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը:
Комментарии
Отправить комментарий