Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի մայրեր
Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։
Այսօր ապրիլի 7-ն է: Մայրության ու գեղեցկության տոնը: Ինչպես ժողովուրդն է ասում, մարտի 8-ից սկսվում և այդ օրն ավարտվում է կանանց տոնի մեկամսյակը: Շնորհավորելով մեր բոլոր մայրերին ու կանանց, քույրերին ու դուստրերին, մաղթենք, որ ամբողջ տարին առիթ ունենանք սքանչանալու նրանց գորովով ու սիրով, նրանց հմայքով ու գեղեցկությամբ, բայց և հարկ եղած դեպքում` նրանց ցուցաբերած կամքով ու կորովով:
Комментарии
Отправить комментарий