Հերոսների մասին բանաստեղծություններ

        Հերոսը հայրենիքն ավելի է սիրում, քան հայրենիքը հերոսին: Իսկ դրա պատճառը այն է, որ հերոսը գնում է մինչև վերջ և չի կարող կես ճանապարհին կանգ առնել:


                                        Պարույր Սեվակ
 Զոհվածներին                 

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:
Ես – եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես – ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:
Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:
Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան…

 Հերոսներին

Թե չլիներ՝ ինչ որ եղավ,
Ի՞նչ իմանաս, հիմա գուցե
Ջրանցքներ էր Զոյան բացել,
Գորովագին մայր էր դարձել
Եվ ապրում էր հաշտ ու խաղաղ,
Թե չլիներ՝ ինչ որ եղավ:
Թե չլիներ՝ ինչ որ եղավ,
Թե մեր կյանքը մնար խաղաղ,
Անշուշտ նրանք՝ կրասնոդոնցիք,
Դարձել ուսման գերազանցիկ,
Դարձել էին կամ շինարար,
Արտիստուհի կամ նորարար,
Կերտել էին և կառուցել,
Խորունկ երգեր բանաստեղծել –
Հայտնի դարձել կյանքում խաղաղ,-
Թե չլիներ՝ ինչ որ եղավ:
…Հիմա գուցե մեր աշխարհում
Արհավիրքից հավետ հեռու,
Մի նոր Զոյա, անհայտ դեռ մեզ,
Դեռ դեռատի, համեստ ու հեզ,
Դասագրքերն է իր թերթում:
Ի՞նչ իմանաս, գուցե հիմա
Մեկ այլ աղջիկ՝ մի Չայկինա,
Իր պատմության դասն է թերթում:
Ատելության հուրը սրտում,
Աչքերի մեջ մոլուցք ու մեգ՝
Գուցե հիմա մի նոր Օլեգ
Ֆադեևի գիրքն է կարդում…
Հազար Հունան ու Մատրոսով
Աշխատում են, գործում այսօր,
Քար են տաշում ու հունձ անում,
Խաղող ճմլում տաք հնձանում,
Հնոցների դեմ կատաղի
Ձև են տալիս շեկ մետաղին,
Սովորում են, գործում անդուլ,
Կարոտում են, սիրում, խանդում…
Եվ մեզանից, հավանաբար,
Շատ շատերը նրանց գիտեն.
Մեկըս մեկի թևն է մտել,
Զրուցել է մտերմաբար,
Վստահել է, սիրտը բացել:
Եվ մեր մտքով չի էլ անցել,
Թե աղջիկը այս դեռատի
Չայկինա է սրտի խորքում,
Թե կրծքի տակ այս խառատի
Կոշեվոյի սիրտն է զարկում,
Թե կոլխոզնիկ այս պարզ տղան,
Որ անցնում է ծով դաշտերով,
Մի Հունան է, մի Գաստելլո…
Մենք չենք հիշում: Հարկ էլ չկա:
Բայց – երեկվա փառքը վկա –
Մեր թշնամին թե մոռանա,
Իրեն վրա թող չարանա…

   Հպարտ եմ ես
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փառահեղ՝ պատմությունըդ,
Եվ անունըդ այնքան հին է:
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փլվել է թեպետ տունըդ,
Բայց չի խախտվել նրա հիմը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Որդիներըդ դարեր ընկան,
Որ սուրբ պահեն քո անունը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Թանկ է եղել թանաքն այնքան,
Որքան կարմիր քո արյունը:
Հպարտ եմ ես քո մատների
Ճարտարությամբ անհատնելի,
Քեզ թարգմանող քո գրքերով:
Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ,
Լեզվով, որով երբ չես խոսում՝
Նույնն ես ասում քո երգերով:
Հպարտ եմ ես քո անցյալի
Մաքառումով ու պայքարով,
Տոկունությամբ, կամքով համառ:
Հպարտ եմ ես քո պանծալի,
Քո լուսավոր այս ներկայով,
Որ… գալիք է այլոց համար:

Комментарии