Այցելություն Նորատուսի Խաչքարերի անտառ

Խաչքարերի անտառ. Նորատուս

Այստեղ կա մոտ 900 խաչքար,որոշների բարձրությունը հասնում է 1,5 մետրի

Խաչքարերի անտառ, յուրահատուկ բացօթյա թանգարան, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու, վայր, որը խորհրդավոր տպավորություն է թողնում Հայաստանի մասին. Նորատուս: Գեղարքունիքի մարզում գտնվող գյուղը հայտնի է իր խաչքարադաշտով, որտեղ կա 9-17-րդ դարերով թվագրվող մոտ 900 խաչքար: Որոշների բաձրությունը հասնում է 1,5 մետրի: Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։
Նշանավոր է գյուղի հարավային մեծ գերեզմանատունն իր բազմաթիվ խաչքարերով. դրանք ծառայել են որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար:
Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Գյուղամիջում ցրված խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։
Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։ Բացի գերեզմանատնից, գյուղում և շրջակայքում կան նաև մի շարք այլ հուշարձաններ։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, Նորադուսի խաչքարադաշտն խաչքարների ամենամեծ համալիրն է։
Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է օսմանյան թուրքերի ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվոր` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։ Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։ Խաչքարը քարարվեստի ուրույն, զուտ հայկական դրսևորումն է թե ձևով և թե բովանդակությամբ: Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կա ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքար, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Խաչքարերը սփռված են պատմական և արդի Հայաստանի ամբողջ տարածքում: Այդ է նաև պատճառը, որ Հայաստանը համարվում է «թանգարան բաց երկնքի տակ»:
Յուրաքանչյուր խաչքար ունի իր զարդանախշը, դարերի խորքը գնացող պատմությունը: Խաչքարերը, որոնք հաճախ կշռում են մի քանի տոննա, պահանջում են ծանր աշխատանք, տաղանդ և հսկայական ժամանակ«Խաչքար» բառը զուտ հայկական է՝ կազմված խաչ և քար բառերից: Աշխարհում շատ քիչ են ժողովուրդները, որոնք ունեն զուտ ազգային մշակույթի ճյուղ, որը հազարամյակներ շարունակ եղել է միայն իրենց սեփականությունը և ավելին, այդ ճյուղը հասցրել են կատարելության մինչև այն աստիճան, որ այն կարելի է որակել «աստվածային» հատկանիշով:
Խաչքարը հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է արևի (հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը:
Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար, տեղադրվել կարևոր իրադարձությունների առթիվ, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ :Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում: Խաչքարի ստեղծման բարդ և պատասխանատու գործը վստահել են միայն նրանց, ովքեր խորապես հավատում էին Աստծուն և ունեին բնատուր անգերազանցելի տաղանդ, քանզի խաչքարերը համարվում էին տեղի սրբավայրի նշան: Չնայած, որ օտարերկրյա և, մասնավորապես, ոչ քրիստոնյա զավթիչները դարեր ի վեր փորձել են ոչնչացնել հայկական արժեքները, բազմաթիվ գեղեցիկ աշխատանքներ պահպանվել են: Հատկապես 13-րդ դարից հետո բազմաթիվ խաչքարեր են ոչնչացվել կամ վնասվել օտարերկրյա զավթիչների կողմից, սակայն խաչքարեր կերտելու ավանդույթը երբեք չի մոռացվել, և մինչ այսօր շատ հայեր զբաղվում են խաչքարերի մշակույթով:

Комментарии