ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

                             ՀԱՂԹԱՆԱԿԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ 
Ես գիտեի՜, որ այս օրը կգա՜,
Հայրենի՜ երկիր.
Հավատո՜ւմ էի ես քո հաղթական
Ու վսե՛մ փառքին...
Եվ դու ասացի՜ր խոսքն այդ վերջապես.
Սիրտս սպասման բեռը թոթափեց
Եվ փողո՛ց ելա ես երջանկահար,-
Զարկե՛ք, թմբուկնե՛ր, փողե՛ր, հնչեցե՛ք,
Մեր փողոցներում վարդե՜ր սփռեցեք,
Խաղաղությունը գալի՜ս է ահա...
Թող այս աշխարհում՝ արկից խլացած,
Վաղո՜ւց լռության ձայնը մոռացած,
Հպարտ որոտան սալյուտ ու հրթիռ.
Վերջին զինվորի համար, որ զոհվե՛ց,
Այս մանկան համար, որ... հենց նո՜ր ծնվեց.
Աշխարհի՛ համար՝ փրկված կորստից...
Զարթնեցե՜ք, հայե՛ր, որդի՜քն են գալիս,
Զարթնեց՜եք, մայրե՛ր, քույրե՛ր սիրելի,
Նրանք գալիս են լուրո՛վ հաղթական,
Որ կյանքն, արցունքը սրբած, ծիծաղի՛,
Հրից չխամրի էլ ո՛չ մի ծաղիկ
Եվ էլ ո՛չ մի մայր որդուն չսգա...
Ով սպասո՛ւմ էր իր քաջի դարձին,
Ում արցունքները հատե՜լ են լացից,
Եկե՛ք հավաքվենք՝ ո՜ւր էլ որ լինենք.
Եվ պատերազմի շիրիմի վրա,
Խաղաղության ճոխ սփռո՛ցը փռած,
Մեր հաղթանակի կենա՜ցը խմենք...
Կարծես այս գիշե՛ր գարունը բացվեց,
Ծաղիկներն այսօ՛ր ծաղկեցին կարծես
Եվ վերադարձան հավքերն ա՛յս գիշեր.
Երկրագունդն, իրեն բախտից կորցրե՜լ,
Լուսնին, աստղերին ու Մարսին հրե
Նետո՜ւմ է ծաղիկ-հրթիռի փնջեր...
Կին ու աղջիկներ, հանդիպման ծարավ,
Խռնվե՜լ իրենց դռների առաջ,
Լուռ սպասում են դարձին քաջերի,
Որ փարվե՜ն նրանց շուրթերին այրված,
Եվ, վառոդի բոցն համբույրով մարած,
Սեղմե՛ն կարոտած իրենց սրտերին...
Անգամ մայրե՜րը այն որդեկորույս,
Որոնց վիշտը չի՜ բուժվի աշխարհում,
Թեկուզ նրանց տաս աշխա՛րհը արար,
Իրենց սրտերի վիհերը խորունկ
Խնդությամբ լցրած մաղթա՛նք են անում,
Որ ուրիշների որդիք տո՜ւն դառնան...
Ես, մեղվի նման տնից դուրս թռած,
Իջնում եմ բոլոր սրտերի վրա,
Որ երգիս մեղրը նրանցից քամե՜մ,
Ուզում եմ հալվե՜լ երկնքում հստակ,
Որ, օդի նման ամեն տեղ մտած,
Խնդության բոլոր ճիչերը խմեմ...
Եվ, թվում է, թե հիմա տուն դարձած,
Մուսայի՜ս անգամ բախտից մոռացած,
Այնպիսի հրա՜շք մի երգ կգրեմ,
Որին, լուրի պես այս մեծ հաղթության,
Արար աշխա՜րհը լսի խնդությամբ,
Մոռացած և կյա՛նք, և մա՛հ, և իրե՛ն...
 Այս հաղթանակի վարդերին չքնաղ
Ցողի պես մորս արցո՜ւնքն է փայլում.
Բայց մորըս թափած արցո՜ւնքը վկա -
Ոչ մի մայր էլ չի՜ լացի աշխարհում:
Այս դրոշների վրա հաղթական
Եղբորս դեռ տաք արյո՜ւնն է վառվում,
Բայց նրա թափած արյո՛ւնը վկա -
Էլ ոչ մի եղբայր չի՜ տեսնի արյուն:

Որդի՛ս, դեռ ռումբի որոտ չլսած, 
Հրթիռի ուրախ փայլի՜ն է նայում.
Իմ անմեղ մանկան ժպի՛տը վկա -
Նա պատերազմ չի՜ տեսնի աշխարհում:
Դրա համա՛ր է, արցունքը աչքին,
Աշխարհը արար երջանիկ ժպտում,
Եվ դիմավորո՛ւմ տո՛նն այս կրկնակի
Ինչպես մայրն՝ անհետ կորած իր որդուն:
                                                                 ԳևՈՐԳ ԷՄԻՆ
           ՄԵԾ  ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ
                                                             ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ


Մեր սուրը փառքով դրեցինք պատեան,-
Մեծ յաղթանակի օրն է ցնծալիս.
Պարտուեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ սրտերից:

Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել թասերը ոսկեփայլ գինով:

Եւ անցորդներին կանչում է, խնդրում,-
Եղբայրնե՜ր, որդուս կենացը խմե՛նք.
Հերոս է որդիս, յաղթեց թշնամուն,
Ձեր որդիների կենացն էլ խմենք:

Խմում են խինդով, ցնծում երջանիկ,
Եւ զարկում նորից գաւաթներն իրար:
Նրանց մէջ մի հայր ասում է մեղմիկ,-
Էս էլ ի՛մ որդուս հանգստեան համար:

Գլխարկներն իսկոյն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհուածի համար
Եւ հեղում գինին սուրբ հացի վրայ:

Комментарии