Խաչվերաց տոն


Սեպտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը հինգ տաղավար տոներից վերջինն է:
Հայաստանյաց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման:
Տոնի օրը` երեկոյան ժամերգությունից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը պտտեցնում են եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կատարվում է նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս կողմերը:
Օրհնված ռեհանը բաժանվում է հավատացյալներին:
Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:

Խաչին ապավինելու աղոթք

Երբ լուսավոր ամպերի վրա
Երևաց Հոր փառքով,
Քո խաչը մեզ ապավեն թող լինի,
Տեր Հիսուս:
Այն ժամանակ մենք`
Քեզ ապավինածներս,
Չենք ամաչի,
Այլ Քո մեծ զորությամբ,
Որպես լույսի որդիներ,
Կբերկրենք Քո աջ կողմում:

Комментарии