Այցելություն Խենթի գերեզմանին

198 ավագ դպրոցի կոլեկտիվը այցելեց Սուրբ Գայանե եկեղեցու բակում գտնվող Խենթի/ Սամսոն Տեր-Պողոսյան/ գերեզմանին:



Խենթ (իսկական անունը՝ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան1851 թ. մայիսի 10Ապարանի գավառամաս, Արագյուղ - 1911թ., Վաղարշապատ), ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը։Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին։
Կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերի։ Գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ-Պետերբուրգում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։

Խենթի գերեզմանը Էջմիածնի սբ. Գայանե եկեղեցու բակում
1903-1906 թվականներին եղել է Վայոց ձորի գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, 1906-1911 թթ-ին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով 1890 թ-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ 1900-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ։
Առաջին կնոջից Աննա Տեր-Թադևոսյանից (ամուսնացել է 1870 թվականին), ունեցել է Եղիսաբեթ աղջկան (ծն. 1874 թվականի նոյեմբերի 12-ին), Արսեն Տեր-Պողոսյան (ծն. 1875 թ-ի մայիսի 19-ին) (Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից), Արտաշ (ծն. 1877 թվականի հունիսի 12-ին) և Վասակ Տեր-Պողոսյանը (ծն.1878 թին) (ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար) որդիներին, երկրորդ կնոջից Սրբուհուց՝ Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան։ Մահացել է Էջմիածնում 1911թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, Աշտարակի ու Ապարանի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու ձախակողմյան պատի տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի)։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ։ Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին։ Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես արագյուղցի, քանդակագործ Հովսեփ Մարգարյանը։
Պարգևատրել է Սուրբ Գեորգիի չորս խաչով, Սուրբ Աննայի շքանշանով և մեդալներով։



Комментарии