Մայր Աթոռ Սբ.Էջմիածին


Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է«Էջմիածին» (իջավ միածինը):
Էջմիածնի Մայր տաճարը, Ագաթանգեղոսի (Vդ.) վկայությամբ կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ Գ-ի (298-330թթ.) և Գրիգոր Լուսավորիչի օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301-303թթ.)։ Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից է։ Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին IVդ. շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ ատրուշան։ Տաճարի սկզբնական տեսքի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը մեծապես վնասվել է։ Ներսես Ա Մեծ (353-373թթ.) և Սահակ Ա Պարթև (387-436թթ.) կաթողիկոսների օրոք կատարվել է երկու վերանորոգում։ Այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ.-ին կառուցածն է (բացառյալ գմբեթը)։ Այժմյան գմբեթը հավանաբար XVIIդ. վերակառուցման արգասիք է:
Մայր տաճարի հիմնական վերանորոգումները սկսվել են 1954թ-ից և շարունակվել Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալման տարիներին:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հնագույն ժամանակներից եղել է նաև մշակույթի խոշոր կենտրոն: Էջմիածնի հետ են կապված Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սբ. Սահակ Պարթևի անունները, որոնք հանդիսանում են հայ դպրության հիմնադիրներն ու հայ առաջին թարգմանիչները: Էջնիածնում են զարգացել հայ գրականությունը, մանրանկարչությունը, փիլիսոփայությունը, աստղաբաշխությունը, աստվածաբանությունը:
Շատ հաճախ Էջմիածինը ևս մասնակից է եղել հայ ժողովրդի մղած  ազգային - ազատագրական պայքարին:
Սուրբ Էջմիածինը պատմական կենտրոնն է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, ուր գտնվում է Աթոռը Ամենայն Հայոց Պատրիարք -Կաթողիկոսի:։



Комментарии