Վիպակը նվիրված է հեղինակի՝ Կարո Պետրոսյանի հիշատակին: Հերոսը՝ Լևոնը, հայտնի լրագրող է։Փորձում է ապրել կյանքը հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին։
Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ տիրող մտայնությանը և վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։
Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել: Տարիների հարահոսն ինքնին դեռ կյանքը չէ: Լևոնի համադասարանցիներից միայն չորս են գալիս նրա կազմակերպած հերթական հանդիպմանը: Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սմբատը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, ով իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ (նա մահանում է սրտի վիրահատությունից հետո քառասունյոթ տարեկանում), Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին և ուրիշներին... Նրանք բոլորն էլ ունեն ընտանիք, աշխատանք, ընկերներ, հոգսեր, նպատակներ, հանդիպում են ընկերների հետ, ուտում, խմում... բայց ապրու՞մ են արդյոք... «...Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները…»։
«Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը։ Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ…»:
«Ի՞նչ տարբերություն ապրած և չապրած տարիների մեջ, ի՞նչ տարբերություն այս օդի, ծաղիկների,ջրերի, փողոցի ու աշխարհի համար դու՞ ես, թե՞ մեկ ուրիշը»։
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշներիհիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրածտարիները»։
Комментарии
Отправить комментарий