Սուրբ Ծննդյան բանաստեղծություններ

Հոգնած գլուխս մի տեղ է փնտրում,
Որ հանգիստ գտնի,
Ու կոպերիս տակ արցունքի շիթ կա,
Որ սպասում է մի հարմար պահի,
Որ դուրս ժայթքի հրաբխի նման,
Իր ճամփին այրի, մոխրի վերածի
Անցած, գնացած օրերի հուշը:
Տե՛ր ամենակալ, օգնի՛ր ինձ գտնել
Քո շռայլ Հոգու խաղաղությունը,
Ասա՝ ի՞նչ անեմ, որ ես ազատվեմ
Իմ երկրորդ «ես»-ի աներես, կպչուն հետապնդումից:
Որ Քեզ վայելեմ ու ըմբոշխնեմ,
Քո ներկայությամբ ես վարագուրվեմ ամպի սյունի մեջ,
Ուր որ Դու գնաս, ես Քեզ հետևեմ,
Ու ծնկի իջած, ականջս՝ խոսքիդ,
Աչքերս՝ վերքիդ, որ չմոռանամ,
Թե ինչ ես արել Դու ինձ համար, Տե՛ր:
Արցունքի ձորը իջնեմ փոթորկված,
Եվ ազատություն տամ իմ զսպված ջրերի հոսքին,
Եվ ամեն պատնեշ թող փլվի, քանդվի
Քո ամենազոր ներկայության մեջ:
Դու բալասանի ցող կաթեցրու իմ ցաված սրտին,
Մի կաթիլ արյուն՝ սրբազան, բուժիչ,
Ու ես բժշկված, հավերժ խաղաղված
Բարձունքը ելնեմ, Քեզ փառաբանեմ
Ամենաքավիչ Քո արյան համար:

                   Հովհաննես Թումանյան
Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով:
Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում:
Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես:
Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։
Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։
Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր:
                         Ավետիք Իսահակյան
Լեռների լանջում – քարայրի խորքում
Շողում է կըրակ երկնային սիրո
Կայծերով վառված մի նորոգ կյանքի,
Շողում է կըրակ – այնտեղ հավիտյան:
Լույսը չի հանգչում,
Հույսը չի խաբվում:
Ներս մտիր այրը – հովիվ ու գառներ,
Գառների մըսուր – անշուք խանձարուր,
Ահա Մանկիկը անմեղ ու անբիծ
Ժպտում է պայծառ – սեր է մեզ շնչում.
Ահա լալիս է – այդ Նըրա սիրտն է,
Որ կյանքի շեմքից, ծաղիկ օրերից
Մարդկանց վշտերի համար ճմլվում,
Մարդկանց մեղքերին ներում աղերսում:
Անկեղծ զղջումով, մաքուր արցունքով
Խոնարհվիր, ընկե՛ր, համբուրիր Նըրան, –
Նա քեզ կըներե, Նա քեզ հույս կըտա.
Եվ դու զորացած կըրիր քո խաչը,-
Էլ շղթա չըկա,
Էլ արյուն չըկա:





Комментарии