Մայրության և գեղեցկության տոն

Դու միշտ աղոթիր ու միշտ հավատա,Մայրական աղոթք, մայրական հավատք:

Շնորհավոր Ձեր տոնը, հայ մայրեր:

Ապրիլի 7-ը Ավետման օրն է՝ մայրության և գեղեցկության տոնը

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ  քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը:
Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհուրդն է մարդկայնորեն աստվածայինը կրելուն ձգտելը. հարկ է, որ մարդը ձգտի սուրբ լինել Աստվածամոր նման և կրել իր մեջ Քրիստոսին՝ աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը:

Комментарии