Սպիտակի երկրաշարժի 30 տարելիցը




Այսօր՝ 2018թ․ դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարին։ Հայաստանի պատմության մեջ այդ երկրաշարժն ամենաողբերգական ու ավերիչ բնական աղետն է, որին Խորհրդային Հայաստանը պատրաստ չէր։
Երկրաշարժի՝ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մոտ գտնվող էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 10 բալ (12 բալանոց համակարգով)։ Երկրաշարժի հիմնական հարվածն իրենց վրա ընդունած 3 քաղաքներում՝ Սպիտակում ուժգնությունը կազմել է 10 բալ, Գյումրիում՝ 9 բալ, իսկ Վանաձորում՝ 8-9 բալ։ Երևանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6 բալ։ Երկրաշարժի վնասի գոտու մակերեսը կազմել է 10 000 կմ քառակուսի՝ հանրապետության տարածքի 40 տոկոսը,  ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ։ Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է 3000 կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:  Ավերվել է հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել է  170 արդյունաբերական ձեռնարկության գործունեություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին:Ամենաողբերգականը զոհերին թիվն է․ Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 25000 մարդ։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար մարդ) եւ Սպիտակում (4 հազար մարդ): Վանաձորում աղետի հետևանքով զոհվել է 1200, Ախուրյանում՝ 500 և Ստեփանավանում՝ 125 մարդ։ Անօթեւան է մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12500 մարդ, իսկ 19 000 մարդ դարձել  հաշմանդամ։Կամավորներից բացի փրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 20 հազար զինվոր ու սպա, փլատակները մաքրելու գործում ներգրավվել ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։



Փրկարարական աշխատանքներին մասնակցել ու Խորհրդային Հայաստանին օգնություն է ցուցաբերել աշխարհի 111 երկիր։

Комментарии