Զատկի տոն

Արդեն երկու հազարամյակ քրիստոնյա աշխարհի մարդիկ Սուրբ Զատկի տոնը իրար ավետում են այսպես. <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>, <<Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի>>:
 Զատիկը հայ առաքելական Ս. եկեղեցու 5 տաղավար տոներից է: Հայ ժողովրդի համար այն հոգեհարազատ և նվիրական տոն է: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության այս տոնը շարժական է և տոնվում է ամեն տարի գիշերահավասարին հաջորդող լիալուսնի լրման առաջին օրը. մարտի 22-ից հետո 35 օրերի ընթացքում այն կիրակին, որը տվյալ տարին հաջորդում է լուսնի լրմանը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
 Տոնի նախաքրիստոնեական խորհուրդը կյանքի նորացման, մեռնել և հարություն առնելն է, հացահատիկի սերմը հողի մեջ թաղվում է/մեռնում/ և հարություն առնում ծլելու միջոցով: Զատիկը, կամ նույնն է՝ Հարության տոնը, շատ հին ժամանակներից եկող, ավանդույթներով հարուստ ու գեղեցիկ տոնակատարություն է, որը նոր իմաստ է ստանում ամեն գարնան: Զատիկը բնորոշում է բնության զարթոնքը և բեղմնավորումը:
  Զատկի տոնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը: Տոնը սկսվում է Բարեկենդանից անմիջապես հետո՝ Մեծ Պահքի շրջանով: Ավագ շաբաթով սկսվում է բուն Զատիկը, որը նշվում է Ավագ շաբաթվա վերջում՝ կիրակի օրը:
 Այս տոնակատարության մեջ ամփոփվում է հայկական գեղեցիկ սովորույթներ, կենցաղային ավանդույթներ, անգամ՝ զուտ հայկական ուտեստների պատրաստման և հյուրասիրման տարրեր:
    Զատիկը և մյուս տոները սրտամոտ են երեխաներին: Դրանք հայեցի դաստիարակության և կրթության, գեղագիտական, բարոյական, ինչու չէ ,նաև պատմական անցյալը իմանալու, գնահատելու և սովորելու տեսակետից: Դրանք հարստացնում են երեխաների մաքուր ու ջինջ հոգեաշխարհը:




Комментарии