Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1935թ. ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը:
Комментарии
Отправить комментарий