Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե իր սպառազեն բռունցքի, այլ իր ներազեն ոգու գերազանցության: Երկաթե զենքերի դեմ հեշտ է վահան գտնել, բայց ոչ նաև ոգու զենքերի դեմ, որ քոնը պետք է լինի, հայ զորական: Եվ դու, հայ զորական, հիշիր, անպարտելի է մնում միայն այն դրոշակըը, որը պարզվում է ցեղի անունով և ցեղի համար:
Գարեգին Նժդեհ
Հայ բիբլիական ժողովրդի համար մայիսը առանձնակի խորհուրդ ունի։Մայիսը դարձել է պատմական հաղթանակների և բախտորոշ իրադարձությունների արձանագրողը։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն՝ մայիսի 8-ը Հայաստանում նշվում է որպես Երկրապահի օր, իսկ մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն։
Այսպիսով, մայիսի 8-ին և 9-ին հայ ժողովուրդը նշում է չորս տոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը և Երկրապահի օրը։
Հայրենական պատերազմի տարիներին հայ ժողովուրդն արժանի ներդրում ունեցավ Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Գեորգի Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից տարիներ անց՝ 1992 թվականին, հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, Արցախյան գոյապայքարի ընթացքում անջատ գործող ինքնապաշտպանական ռազմական միավորումները միավորվեցին և ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակը:
1992 թ․ մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին, ինչը բեկումնային նշանակություն ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարում։
Շուշիի ազատագրման գործում իր ողջ ուժով դրսևորվեց հայ ժողովրդի հաղթական և մարտնչող ոգին։ Քաղաքի ազատագրման գործողությունների ծրագրի կազմման և իրագործման պատասխանատվությունը ստանձնեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Նրա կողքին էին
սպարապետ Վազգեն Սարգսյանը, գեներալ Գուրգեն Դալիբալթյանը, շտաբի պետ Ֆելիքս Գզօղլյանը։
92 թ․ մայիսի 4-ին որոշվեց իրագործել Շուշիի գրավման «Հարսանիք լեռներում» գործողությունը։
Շուշիի ազատագրումով և հակառակորդի մյուս կրակակետերի լռեցումով Ստեփանակերտը և հարևան բնակավայրերը շունչ առան։ Երկու օրում թշնամու դիմադրությունը կոտրվեց։
Արցախի հինավուրց մայրաքաղաքի ազատագրումն ամրապնդեց հայ ժողովրդի հավատը հաղթանակի հանդեպ։
Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը հայ մարտիկների խիզախության, ինչպես նաև գրոհի խելացի կազմակերպման արդյունքն էր: Մայիսի 8-ի երեկոյան Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է…»։
Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք միշտ ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է իր սրբազան հողում:
Հաղթական մայիսի 9-ի խորհուրդը թող դառնա բոլորիս համար խորհրդանշական պատգամ՝ հիշե՛լ և փառաբանե՛լ անցյալը, գնահատե՛լ անչափ թանկ գնով հաստատված խաղաղությունն ու անդորրը և չխնայե՛լ ջանքերը հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի։ Թո՛ղ հայ ժողովուրդն արձանագրի միայն հաղթանակներ:
Շնորհավոր մայիսյան փառապանծ քառատոնը։
Комментарии
Отправить комментарий