Բանաստեղծություններ գարնան մասին

 Հայրապետ Հայրապետյան

                  Ի՛նչ անուշ է

Ինչ անուշ է սիրուն գարնան




Խենթ ու խելառ այն քամին,


Որ սուլում է կտրի վրա, 

Թխկթխկացնում ապակին:

Ինչ անուշ է սիրուն գարնան

Այն անձրևը խելագար,

Կտկտում է կտրի վրա,

Մերթ կամացուկ, մերթ վարար:

Աննման են կանաչ գարնան

Հողմն ու անձրև միասին,

Որ ոռնում են գայլի նման,

Սիրուն նախշում ապակին:


                                        Գարուն

Ա՜յ քեզ մատաղ, սիրուն գարուն,

Ինչ լավ արիր, որ եկար,


Կենդանացրիր ողջ բնություն,

Բերիր ծաղկունք անհամար:

Էն անպիտան ցրտի ձեռքից

Փակվել էինք սենյակում,

Պատուհանից մտիկ տալիս

Ու կարոտով քեզ հիշում:

Ջ՜ան, Ջ՜ան, գարուն, քաղցրիկ անուն,

Հազար բարով դու եկար,

Բերիր խաղեր, ուրախություն,

Կանաչ դաշտեր մեզ համար:


                          Ծաղիկները

Գարնան մեղմ քամին 

Փարվում է նախշուն

Զուգված ծառերին,

Պոկոտում նրանց 

Շորերը սիրուն

Ու տանում կամաց:

Եվ կարծես օդում

Թիթեռի գույն-գույն

Խմբեր են թռչում:


                              Անցա՜ն

Հեյ ջան, անցան բուք ու բորան,

Ձմեռ պապին ՝ Ձյունի հետ,

Հովն է խաղում սար ու դաշտում,

Օդը պայծառ, բուրավետ:

Շուտով կգան շարան-շարան

Նախշուն հավքեր երգեցիկ,

Դաշտ ու անտառ, այգի ու սար

Շոր կհագնեն գեղեցիկ:

Հեյ ջ՜ան, շուտով երգ ու տաղով

Կգա գարուն ցանկալի,

Պայծառ արև, կանաչ տերև,

Ծառ ու ծաղիկ կբերի:


                                        Գարուն

Արեգակը ելավ, փայլեց,

Բարև տվեց բոլորին,

Ծիծեռնակի թևին նստած ՝

Գարուն իջավ մեր երկրին:



Ու զարթնեցին ձմռան քնից

Թուփ ու ծաղիկ, խոտ ու ծառ,

Ելան գույն-գույն շորեր հագան,

Զարդարեցին դաշտ, անտառ:

Թռրունները ծառի ծոցում,

Զեփյուռի հետ միասին,

Պատրաստվեցին անուշ երգով

Դիմավորել մայիսին:


                                     Գարուն

Զուգվել է կրկին անտառ ու այգի,

Վշշում է ուժգին ջուրը գետակի:

Հավքերը սիրուն համերգ են կազմել, 

Հանդում ու դաշտում ՝ երգ ու հորովել:

Թիթեռներն ուրախ թռչում են դես-դեն ...

Ջա՜ն, տեսքիդ մատաղ, գարուն է արդեն:



Комментарии