ՀիՇԱՏԱԿԻ ՕՐ

       Հավերժ փառք մեր հերոսներին

Խոնարհում բոլոր նահատակված քաջորդիների առաջ

Դպրոցում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում կռված եւ զոհված հերոսների հիշատակին: Ձեր սխրանքն անմահ է, Ձեր անունը մեր շուրթերին: Նրանք ընկան, որ մենք ապրենք:


 Ընկածները                         Պարույր Սևակ

 Կռիվներում ընկան նրանք.



Ամեն մեկը, մի տան ճրագ,
Ամեն մեկը, մի մոր որդի,
Ամեն մեկը, մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ, սերը, հոր, ապագան ...
Ամեն մեկը, անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք ...

Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.
Մերթ, ջրի մեջ, մերթ, հողի տակ,
Մեկը սրով, տասը, հրով,
Մեկը, արդեն հայտնի հերոս,
Տասը, հերոս դեռ չդարձած,
Մեկը, արցունքներով իր մոր
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը, նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս ...

Բայց զոհի պես չընկան նրանք:

Ընկան նրանք իբրեւ մարտիկ,
Ընկան նրանք իբրեւ մարդիկ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով, հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել,
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրաստ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.

Զոհի նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրեւ մարտիկ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վեր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում Անտերացած
ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:

Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի մեղմացել ցավը կրած,
Ատելությունը փրփըրած
Եվ հաղթության տենչը խորին,
Ի գիտություն այն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրեւ մի բլուրի,
Որ հարթվում է կամաց-կամաց, -
Անմիտի պես մոռանալով,
Ոչ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո՛վ,
Վրեժո՜վ են սարսափելի ...

Комментарии