Վիլյամ Սարոյան

   Վիլյամ Սարոյանը ազգությամբ հայ է, ծնված Ամերիկայում, Արևմտյան Հայաստանից գաղթած մի չքավոր հայ ընտանիքում: Սարոյանը իր մասին այսպես է գրել. <<Ծնված եմ Ֆրեզնո, Կալիֆորնիա, 1908թ -ի օգոստոսի 31-ին: Հայրս՝ Արմենակ Սարոյանը և մայրս Թագուհի Սարոյանը բնիկ Բիթլիսեցի են: Հայրս մեռավ 1911-ին: Մայրս ինձ հետ բնակվում է Սան-Ֆրանցիսկոյում>>:

    Դեռ վաղ հասակից Սարոյանը ճաշակեց կյանքի դառնությունները: Հայրական խնամքից զրկվելով և իր ուսերին զգալով տարագիր ընտանիքի ապրուստը հայթայթելու հոգսը, փոքրիկ Սարոյանը լրագրավաճառ է դառնում, հետո ՝ցրիչ փոստ- հեռագրատանը:

    Ընդամենը 7-8 տարեկան էր, երբ տեղի ունեցավ հայկական մեծ եղեռնը: Գրական առաջին փորձերը նա կատարել է 9 տարեկան հասակում: <<Դեռ դպրոցում սովորելիս, մի անգամ ուսուցիչս ծանոթանալով իմ գրավոր աշխատանքներից մեկին, ասաց, որ ես կարող եմ գրող դառնալ, իսկ դրա համար անհրաժեշտ է լուրջ զբաղվել լեզվով, շատ կարդալ: Ես  փորձեցի գրել այն ամենի մասին, ինչ տեսնում էի շրջապատում, այնպես ինչպես նրանք կան իրականում...>>,- գրել է Սարոյանը:

    Սարոյանը բոլորովին թարմ և կենսունակ հոսանքով ներս խուժեց ամերիկյան նորագույն գրականության մեջ՝ իր հետ բերելովվ մի նոր և վարակիչ խոսք, անսովոր և ըմբոստ մի ոճ: Սարոյանը, մի կողմ դնելով մինչ այդ հայտնի կանոնները դասական պատմվածք գրելու ձևերի մասին, ստեղծեց իր նոր ոճը: Սարոյանը սկսեց գրել մի նոր կանոնով, որ օրենք չի ճանաչում և մի նոր նյութի մասին, որ բոլորովին անսպասելի էր ամերիկյան գրականության համար: Սարոյանը գրել է 1500 պատմվածք, 12 պիես և 7 վեպ: <<Մարդկային կատակերգություն>> վիպակը նա գրել է ընդամենը մի քանի օրում: 

     Սարոյանը իր պատմվածքների առանցքը դարձրեց մարդը և մարդկային կյանքի ուրախությունն ու վիշտը՝ այն դիտելով հասարակ մարդու առաստաղի տակից:<Ես հավատում եմ մարդու բարությանը: Ես հավատում եմ, որ մարդու ճակատագիրը ազնիվ ճակատագիր է: Ես ատում եմ այն ուժերը, որ աշխատում են բնաջնջել մարդու ազնվությունը: Ես ուզում եմ, որ մարդը լինի հոյակապ, որ նրա կյանքը ծնված պահից մինչև մահ, ամեն րոպե և ամեն տարի լինի թեթև գրավիչ և իմաստալի: Ես հավատում եմ, որ այդպես կլինի<>>,- գրել է Սարոյանը:

    Մարդու և առանձնապես հասարակ մարդու մասին ունեցած իր ջերմ սերը, լավագույն ակնկալություններն ու խորհրդածությունները նա արտահայտել է իր <<Մարդկային կատակերգություն>> վիպակում,որը նա նվիրել է իր մորը: Սարոյանի համար էականը մարդն է, անկախ նրա սոցիալական վիճակից, ազգային պատկանելիությունից, մորթի գույնից և կրոնական հավատքից: Սարոյանը գտնում է , որ մարդկային դժբախտությունների պատճառը իրենք մարդիկ են, որոնց յուրաքանչյուրի մեջ նստած է չարության սաղմը:

    Սարոյանի գրվածքների մեջ զգալի տեղ է հատկացված հայերին, հատկապես օտարության մեջ ապրող տարագիր հայերի կյանքի նկարագրությանը: Հայտնի է <<Սպիտակ ձիու ամառը>>, <<Հայն ու հայը>> պատմվածքները: <<Կա աշխարհի մեջ որևէ ուժ, որ կարողոնա ոչնչացել այս ցեղը: Այդպիսի ուժ չկա>>,- ասում է հեղինակը:

    <<Օգտակարապես ապրելու բաղձանքը զորավոր է հայի մեջ: Հայի ուժը թվերի մեջ չէ, այլ անհատի սրտի մեջ: Մենք պետք է աճենք ոչ թե թվերով, ոչ թե աշխարհի մեջ աննպատակ կերպով ապրող մարդկանցով, այլ այնպիսի մարդկանցով, որ ճանաչում են իրենք իրենց, իրենց ցեղը, իրենց ժառանգությունը և իրենց պարտավորությունները՝ ազնվորեն և արդյունավետ կերպով ապրելու: Մենք պիտի աճենք այնպիսի մարդկանցով,որոնք աշխարհի մեջ ժամանակի վատնումը չեն: Հայի ոգին զորավոր ոգի է: Ես հայ եմ>>: Այս բուռն հայրենասիրությունը կազմում է նրա կյանքի տարերքը:




Комментарии