Լևոն Շանթը մեծ հայրենասեր էր, տաղանդավոր, մշակութային, քաղաքական ազնիվ գործիչ: Նա շատ խորունկ միտք է հայտնել ստեղծագործ անհատի ձիրքի ազգային բնույթի մասին. <<Շատ քիչ հայեր միայն հստակորեն կըմբռնեն, թե իրենց ունեցած շնորհքն ու կարողությունը ազգային դրամագլուխ մըն է, որ դարերը բերել ու հանձներ են իրենց, և այս մղում մըն է դեպի նոր ճիգեր ու դեպի նոր ու ավելի բարձր ստեղծագործություն>>:
<<Հին աստվածներ>> դրաման լույս է տեսել 1912թ. Կ. Պոլսում և արժանացել ջերմ ընդունելության: <<Հեղինակի անունը ամենքի բերանում, նրա գրքի եղած օրինակները մի օրում սպառված- այս ամենը երևույթներ են, որ չէր տեսած ոչ հայ բեմը, ոչ հայ գրականությունը>>,- այդպես է գրել նշանավոր քննադատ Նիկոլ Աղբալյանը:Դրամայի դեպքերը տեղի են ունենում <<Հազարամյակ մը մեզմե առաջ>>: Դրամայի պատմականությունը սոսկ հենք է, ձև արդիական գաղափարի մարմնավորման համար: Միջավայրը Սևանի հինավուրց կղզին է, ջրի կապույտ ժերտով մեծ աշխահից անջատված անապատը, ուր չկան կյանքի լույսն ու ստվերները, չկան իրական կրքեր ու բախումներ: Այստեղ ծվարել են մարդիկ, որոնք հանուն անդրաշխարհային երանության դատապարտված են մաքառելու իրենց մարդկային էության դեմ: Բայց ջերմեռանդ աղաթքներով և խնկի բույրով արտաքին աշխարհը չի մոռացվում, մարդու մեջ չի մեռնում մարդկայինը, աշխահիկ կյանքը հարատևում է Կույր վանականի կրոնական մոլեգ նության, Աբեղայի հիվանդ ու անարատ սիրո և վանականների գիշերային տեսիլներոմ: Կերպարներն ապրում են երկու աշխարհում՝ իրականության և մտապատրանքի: Առաջինը աղքատ ու խեղճ անապատն է, երկրորդը՝ այդ խեղճությունից ծնված շքեղ ու հոգեթով երազը, մարդկային կյանքով ապրելու անհուն երազը: Դրամայուն նույն կրքով համակված մարդիկ մաքառում են, որպեսզի ամեն մեկը իր մեջ հաղթահարի անհաղթելին: <<Հին աստվածներ>> դրամայի կերպարները համախոհներ են, քանի որ ամեն մեկի հոգում ծվարել է հավիտենական տառապանքի դատապարտված նույն մարդը: Դժվար չէ նկատել Կույր վանականի, Վանահոր և Աբեղայի կերպաիրերի ներքին նմանությունը, նույն ողբերգության տարբեր հոգեվիճակները: Աշխարհը չտեսնելու և տեսածը մոռանալու կատաղությամբ լցված Վանականն իր աչքերն է հանել: Իշխանուհու կամ աշխարհի պատկերը մոռանալու տենդը Վանահորը հասցնում է նորաշեն եկեղեցին քանդելու մտքին: Սեդային ծովից դուրս բերելուց հետո աշխարհի անզուսպ կարոտով է համակվում նաև երիտասարդ Աբեղան: <<Հին աստվածները>> իբրև զգացմունքի, հարափոփոխ տրամադրությունների ու ապրումների դրամա, իբրև մենավոր մարդու ազատության տենչանքի քնարական պատմություն , նոր որակ էր հայ գրականության պատմության մեջ:
Խառն ու հակասական երազների մեջ Աբեղան հրաժարվում է անապատից ու ընտրում աշխահը: Նրա հիվանդ մտքի հորիզոնում վերջին անգամ ձայլատակում է Սեդայի կերպարանքը և կանչում դեպի ծով և Աբեղան ծովն է նետվում, որպեսզի հասնի նոր գոյության, նոր էության: Կյանքի գնով Աբեղան հաստատում է ազատ ու անկաշկանդ ապրելու իրավունքը:
Комментарии
Отправить комментарий