Տոնդ շնորհավոր, անկախ Հայաստան


Հայաստանը
Իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է ,
Իմ հինը և նորությունն է,
Իմ լեզուն է, այբուբենը,
Ուրիշ խոսքով` այն ամենը,
Որ կոչվում է հայրենի տուն...
Եվ այն տունն է ,
Որ շինել է պապիս պապը
Անդուլ ջանքով
Ու տանջանքով .
Քար է դրել քարի վրա,
Դար է դրել դարի վրա
Եվ քրտինքը թուխ ճակատին`
Ձուլել է նա պատը պատին.
Էլ ոչ մի հուր,
Էլ ոչ մի սուր
Չիմ տնելու իմ նոր տունը,
Չի ջնջելու իմ անունը.
Աղգանունը
Իմ լեզուն ու այբուբենը,
Ուրիշխոսքով` այն ամենը,
Ինչը ամուր սյունն է իմտան
Եվ միասին կոչվում է հայ
Ու Հայաստան.
Եվ ես հիմա իմ տան պատին
Նոր-նոր քարեր պիտի դնեմ,
Նոր-նոր դարեր պիտի դնեմ.
Ու գնալով հզորանա.

Ծլարձակի ու նորանա,
Որ միշտ պահի իմ անունը,
Ազգանունը,
Իմ մայր լեզուն, այբուբենը,
Ուրիշ խոսքով` այն ամենը,
Ինչը կյանք ու խորհուրդն է տան
Եվ միասին կոչվում է հայ
Ու Հայաստան.


«Ե՛ս՝ Հայաստան, ես՝ քարե…»

Իմ լեռները աստղամերձ խենթ խոյանքներ են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կապույտում քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս.
Ուր դարերով ցասումիս հեղեղներն են շառաչել։

Հազար կայծակ իր շեղբով իմ գոյությունն է հերքել.
Ու Եփրատն իմ սանձակոծ դուրս է եկել իր ափից…
Տաղերգուներն իմ նստած այնքան եղեռն են երգել,
Որ մագաղաթը անգամ դժգունել է սարսափից:

Բայց, Արարա՛տ, կատարիդ ցոլցլանքներն այն մաքուր
Իմ հույսերն են դարավոր, որ չեն մարել երբևէ,
Եվ դարերի խավարից սեգ արծիվներն իմ հոգու 
Վերացել են ու դեպի այդ ցոլանքներն են թևել։

Ու ես ապրել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր, 
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել
Եվ օրորել սրտիս մեջ Սևանա լիճն իմ կապույտ,
Որպես հույսի ու լույսի նվիրական առասպել։

Եվ դարերով տառապած ու կործանված, ու ավեր
Վերջին եղեռն եմ տեսել ես աչքերով դեռ իմ թաց,
Երբ իմ բախտի երկնքում լուսնի մահիկն էր կախվել,
Որպես ջարդի յաթաղան, որպես անեծք շիկացած։

Բայց լեռներն իմ աստղամերձ խենթ խոյանքներն են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կամքի պես քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս,
Որ նորածին լույսերի օրորոցներ են դարձել։

Ու ես ելել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր,
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել…
Ես՝ Հայաստան, ես՝քարե, ես՝ հրագույն, ես՝ կապույտ,
Ես՝ հարության առեղծված, հավերժության առասպել…

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Հովհաննես Շիրազ

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա։
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա։
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։











Комментарии