Պատմություններ Ավետիք Իսահակյանի մասին
![]() |
Տրամվայը
Իսահակյանի հետ փողոցի մի մայթից անցնում էինք մյուս մայթ։ Տեսնելով, որ տրամվայ է գալիս, Վարպետը կանգ առավ, ինձ էլ ձեռքով նշան արեց, որ չշտապեմ։ Վագոնավարը տեսնելով բանաստեղծին կանգնած, տրամվայն անմիջապես կանգնացրեց ու դռնակը բացեց.
-Խնդրեմ, Վարպետ։
Իսահակյանը, որ թեև տրամվայ նստելու միտք չուներ և մեր ճանապարհն էլ բոլորովին այլ կողմ էր, անհարմար զգաց չընդունել առաջարկը։ Դարձավ ինձ.
– Բարձրանա՛նք։
Վագոնը լի էր մարդկանցով։ Անմիջապես տեղ ազատեցին նրա համար։ Ես, որ կանգնած էի մնացել, նայում էի Վարպետի դեմքին։ Իրեն լավ էր զգում։ Մի փոքր անց կողքի տեղն ազատվեց։ Նստեցի։
– Երբ քեզ բարի են ուզում` առ, մի մերժիր, թեկուզ և այդ րոպեին դրա կարիքը չունենաս էլ։
Մի որոշ տարածություն անցնելուց հետո իջանք։ Վարպետը շնորհակալություն հայտնեց վարորդին։ Ես երբեք չեմ մոռանա նրա աչքերի արտահայտությունը. այդ հաղթանդամ մարդը մի հեզ հայացքով ուղեկցում էր Վարպետին, երջանիկ այն գիտակցությամբ, որ գեթ մի անգամ իրեն բախտ վիճակվեց «պատվել» իր մեծ ժամանակակցին:
Ծերությունը
Վարպետն ասաց.
-Շատ տարիներ առաջ էր։ Այն ժամանակ Փարիզ էի։ Փայլուն մրցանակ խոստացան նրան, ով մի բառով կարտահայտի ամենանվիրական հասկացողությունը։
Մի պահ լուռ մնաց և ապա շարունակեց խոսքը.
-Շատերը մասնակցեցին. մեկն ասաց` սեր, մի ուրիշը` հայրենիք, երրորդը` կյանք, մեկն էլ թե` ազատություն, ուրիշները` կարոտ, ձգտում, հմայք և այսպես շարունակ։
Լռեց։
-Եվ ինչ եք կարծում, ո՞վ շահեց մրցանակը։
Նայեց շուրջը նստածներին։ Ոչ ոք ձայն չհանեց։
– Շահեց նա, ով որ ամենանվիրական հասկացողությունը հայտարարեց ծերությունը։
Բոլորս էլ անակնկալի եկանք։ Վարպետը ժպտաց և ապա հայացքը կենտրոնացնելով մեկի վրա, որ նայում էի իրենց տարակուսանքով, բացատրեց.
– Հապա, սիրելի՛ս, այդպես է, ծերութունը իր մեջ ամփոփում է մնացած բոլոր հասկացողությունները։

Комментарии
Отправить комментарий